Փաշինյաններ և Փաշաևաներ․ մայրիշխանության հաղթանակը
«Հայաստանն իմ օջախն է», «Ժողովուրդն իմ ընտանիքն է»․․․ սրանք կարգախոսներ են, որոնք Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց ամիսներ առաջ՝ փորձելով ամրապնդել իր իշխանությունը։ Սրանք կարգախոսներ են, որոնք Հայաստանի փողոցներում փակցնելու համար տասնյակ կամ հարյուր-հազարավոր դոլարներ ծախսվեցին։ Հարկատուների միջոցներից։
Այս կարգախոներն իրենց էությամբ ու խորքում հակապետական ու հակահասարակական կարգախոսներ էին։ Որովհետև օջախն ու ընտանիքը կառավարվում են ոչ թե օրենքներով, այլ «ադաթներով», օջախում ու ընտանիքում գործում է ոչ թե իրավահավասարությունը, այլ ավագի հեղինակության ինստիտուտը, իսկ ավագի դերում, հասկանալիորեն, Նիկոլ Փաշինյանը տեսնում էր իրեն։
Այս կարգախոսներով Նիկոլ Փաշինյանը հասարակությանը պարզորոշ ուղերձ էր հղում այն մասին, որ Հայաստանում այսուհետ կյանքը կարգավորվելու է ոչ թե օրենքներով ու հավասարության սկզբունքով, այլ իր կամ իր ընտանիքի կամքով։
Հասարակությունը, սակայն, ճիշտ չընկալեց այդ ուղերձները, որովհետև դրանք չափից ավելի պոպուլիստական էին ու ականջահաճո։ Հասարակությունը կուլ տվեց խայծը՝ անդամագրվելով «ընտանիքին»։
Այդպես դրվեցին Հայաստանում ընտանիքապետության հիմքերը։
Քաղաքացիներից յուրաքանչյուրին թվաց, թե ինքը դառնում է ընտանիքի հավասար անդամ, այն դեպքում, երբ իրականում նրանք դառնում էին ու դարձան ընտանիքի հպատակներ։ Սա ցինիկ ակտ էր՝ ողբերգականության նրբերանգներով, որովհետև իրական ընտանիքի, հայկական ընտանեկան ավանդույթների դեմ պայքարող իշխանությունը կառուցում էր իր «ընտանիքը», որն իրականում պետք է ծառայեր սոսկ մեկ ընտանիքի՝ Փաշինյանների ընտանիքի իշխանությանը։
Այդ կարգախոսներով հասարակությանն առաջարկվեց կամ պարտադրվեց գործարք, որով քաղաքացիները դարձան ընտանիքի ստորադաս անդամներ կամ հպատակներ՝ լռելյայն ընդունելով ընտանիքի ավագի կողմից կամայական որոշումներ կայացնելու իրավունքը։
Իսկ ընտանիքի ավագն իրեն կարող է իրավունք վերապահել որոշել ընտանիքի հետ կապված ամեն ինչ, այդ թվում՝ ընտանիքի սեփականության օտարման հարցեր։ Լայն իմաստով, հենց դա է տեղի ունեցել պատերազմում, Նիկոլ Փաշինյանը՝ «ընտանիքի ավագի» իրավունքով, միանձնյա օտարել է Արցախի զգալի մասը՝ վտանգի տակ դնելով նաև Հայաստանի անվտանգությունը։
Այդ որոշումը կայացնելիս նա չի խորհրդակցել ընտանիքի անդամների հետ, որովհետև ժամանակ առաջ քաղաքացիները լռելյայն որոշել են, որ Հայաստանն «օջախ» է, իրենք էլ՝ «ընտանիքի անդամներ»։
Այդ կարգախոսները ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ազնիվ չի գտնվել և չի տեղեկացրել, որ իր առաջարկած ընտանիքում տիրում է ոչ թե հայրիշխանություն, այլ մայրիշխանություն։ Հնարավոր է՝ դա սոսկ էսթետիկական տարբերություն է, հնարավոր է՝ ոչ միայն։ Հատկապես, եթե հաշվի առնենք իրողությունը, որ Ադրբեջանում էլ իշխում է ոչ միայն Ալիևների, այլ նաև Փաշաևաների ընտանիքը։
Իսկ ի՞նչ, եթե տեղի է ունեցել գործարք Փաշինյանների և Փաշաևաների ընտանիքի միջև։ Թեյի սեղանի շուրջ և մուղամի հոգեթով ելևէջների ներքո։
Հարություն Ավետիսյան