
Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք մինչև հիմա չգիտի՝ որտեղով են անցնելու Արցախի մեր սահմանները․ Էդիկ Բաղդասարյան

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ոչ ոք մինչև հիմա չգիտի, թե որտեղով են անցնելու Արցախի սահմանները։ Գրառումը՝ ստորև․
«Երեկ շրջել ենք Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչև հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները:
Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերադառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում:
Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն: Շատ գյուղերում հոսանք, գազ չկա, սպասեք մինչև կմիացվեն:
Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով՝ ոչ մի հարց չի լուծվում»: