Մեզ պատուհասած աղետը, որի անունը ՀՀ իշխանություն է, Արցախը փաթեթով թուրքին տալուց հետո պատերազմի համար հանգանակած գումարներն էլ նվիրաբերել է ինքն իրեն․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Արցախի պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների ճակատագրին։ Գրառման մեջ ասվում է․

«Պատերազմի օրերին, երբ Արծրուն Հովհաննիսյանը, կատարելով «Էրատո» ջոկատի հրամանատարի պատվերը, լկտիաբար խաբում էր ժողովրդին, անամոթաբար ստում էր իրենց զինվորից մի լուր սպասող մայրերին, ովքեր հավատում էին արծրունատիպ մասսայի պրոպագանդային, թե հեսա Գետաշենի ազատագրումից հետո Բաքվում Մեհրիբանի գլխին չայ ենք լցնելու, մեր Սփյուռքը, թշնամուն վերջնականապես ոչնչացնելու համար Հայաստան համահայկական հիմնադրամին գումար էր ուղարկում, որ զենք գնենք ու արդեն Բաքվի մայդանում Հեյդարի տղուն Արծրունը նվաստացնի։

Համայն հայությունը, Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստան համահայկական հիմնադրամին հանգանակեցին 170 միլիոն դոլար ու սպասում էին Արծրունի տերերի վերջին զարկին։

Մինչդեռ, մեր հայրենակիցների հանգանակած գումարներով մեկ փամփուշտ անգամ չգնվեց, որովհետեւ մենք ոչ թե հաղթում էինք, այլ ամեն օր խայտառակ պարտություն էինք կրում եւ դա չէր ասվում նաեւ այն պատճառով, որ հանգանակությունները չդադարեն։

Եւ հիմա Հայաստան համահայկական հիմնադրամը զենք գնելու համար նախատեսված գումարի մի մասը նվիրաբերել է կառավարությանը։ Թե ի՞նչ նպատակով՝ կառավարության ներկայացուցիչը որեւէ հոդաբաշխ միտք չասեց։ Հարցրե՞լ են արդյոք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, եղե՞լ է օնլայն նիստ, եղե՞լ է հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների համաձայնությունը՝ այդ հարցը եւս պատասխան չունի։

Տվե՞լ է Սփյուռքը իր համաձայնությունը, որ իր հանգանակած գումարներով կառավարությունը այլ ծախսեր անի՝ պարզ չի։

Մի քանի օր է ես դիմել եմ Հայաստան համահայկական հիմնադրամի սորոսական ղեկավարին, դե էն Սորոսի, որ ասում էր մենք պետք է սատարենք Թուրքիային, որովհետեւ նա Ռուսաստանի դեմ է պայքարում, այն Սորոսի, որի գրասենյակները Հայաստանում հնարավոր ու անհնար պետականաքանդիչ գործն արեցին, ու մինչ օրս սույն սորոսականից պատասխան չեմ ստացել։

Ես պահանջել եմ այն նիստի արձանագրությունը, որով Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն տվել է իր համաձայնությունը՝ այդ գումարներից նվիրաբերել կառավարությանը։

Մեզ պատուհասած էս աղետը, որի անունը ՀՀ իշխանություն է, Արցախը փաթեթով թուրքին տալուց հետո, պատերազմի համար հանգանակած ձեր գումարներն էլ նվիրաբերել է ինքն իրեն։

Հուսամ, Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կպարզեն եւ Սփյուռքի ու Հայաստանի մեր հայրենակիցներին կպատասխանեն, թե ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ կարիքների համար են հիմնադրամից կառավարությանը գումար նվիրել։

Իսկ ես դեռ սպասելու եմ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գրավոր արձանագրությանը։

Հ. Գ. Ու էդ տարբեր անլվա եւ հակահիգիենիկ կանանց եւ տղամարդատիպ արարածների իմ վրա «քսի» տալով, ասել եմ՝ ինձ չեք վախեցնի։

Ձեր ֆեյք ինդուստրիայի պապաներին ու ֆեյքաբազառը ռեգուլիրովկա անողներին քիչ մնաց։

Վիվառոյի Վիգեն եւ գրպանային մնացյալ երեք անհայրենիք օլիգարխներ, պատրաստե՛ք դատարանում ձեր ճառերը։

Դուք ապականել եք իմ հայրենիքը, դուք ատելություն ու թշնամանք եք քարոզել, դուք հային հանել եք հայի դեմ ու դուք պատասխան եք տալու։

Դուք այլեւս շատ քիչ ժամանակ ունեք»։

Տեսանյութեր

Լրահոս