«Պետք է փորձենք ու առնվազն հասնենք այն բնագծին, որ առնվազն Հադրութը վերադարձվի հայկական կողմին, ռուսական վերահսկողության ներքո»․ ադրբեջանագետ

«Մի քիչ վիճակը հանդարտվի՝ արցախցիները, ովքեր Հայաստանում են գտնվում, կարող են հանգիստ վերադառնալ իրենց տուն։ ՌԴ ազդեցության ներքո նմանատիպ պատերազմ այլևս երբեք չի կրկնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

Ադրբեջանագետն ընդգծեց՝ Ալիևը պարտվել է, որովհետև այնտեղ ռուսական կայսրությունն է արդեն՝ կայսերապաշտական իր բոլոր նկրտումներով։

«Արցախի կարգավիճակը գիտե՞ք` որն է․ Ռուսաստանի ազդեցության և ռազմական ներկայության ներքո գտնվող  կազմավորում։ Ռուսաստանին կարելի է ինչ-որ բան տալ, բայց հետ վերցնել՝ շատ դժվար է լինելու։ Սահակաշվիլին այդ դասը լավ սերտեց։ Նույն ճանապարհը վաղ թե ուշ սպասում է Ալիևին։ Ադրբեջանի նախագահի հույսն այն էր, որ մենք այստեղ՝ Հայաստանում, կսկսեինք իրար վնասել, ռուսական զորքը չի հասցնի մտնել և զբաղեցնել որոշակի բնագծեր, մեր զորքերը կներքաշվեն քաղաքական եղբայրասպան պատերազմում, իսկ այդ ընթացքում իրենք կգրավեն նաև Զանգեզուրը։ Իրենց հույսը դա էր։ Ալիևը հատուկ է անում, ծաղրում է նախկին և ներկա ՀՀ իշխանություններին՝ փորձելով արդյունահեղություն հրահրել Երևանում»,- նշեց  Գրիգորի Այվազյանը։

Նրա փաստմամբ՝ նախկինում Ռուսաստանը չեզոք կողմ էր, իսկ հիմա պետք է արձանագրենք, որ Արցախի մնացած  մասն արդեն ռուսական պրոտեկտորատ է, և եթե Թուրքիան և Ադրբեջանը  քաղաքացիական բնակչության, ռուսական բազաների հանդեպ ագրեսիա ձեռնարկեն, մենք ոչ միայն կվերականգնենք նախկին բնագիծը, այլև առաջ կգնանք։

«Գիտե՞ք, որ ռուսները ոչ մի բան չեն մոռանում, ոչ մի բան չեն ներում, իրենք երկարատաև պատմություն ունեն։ Ռուսաստանը այստեղ հաղթեց՝ նվաստացնելով, զիջելով որոշ չափով, բայց ամեն ինչ կորած չէ, այս վիճակում պետք է փորձենք ու առնվազն հասնենք այն բնագծին, որ առնվազն Հադրութը վերադարձվի հայկական կողմին, ռուսական վերահսկողության ներքո, որտեղ պետք է վերադառնան հադրութցիները»,- նկատեց Գրիգորի Այվազյանը։

Ադրբեջանագետը շեշտեց՝ թշնամու հրճվանքը կարճ է տևելու նաև մեկ այլ պատճառով․

«Երբ ավարտվի դիերի վերադարձը՝ կպարզվի, որ հայկական կողմը 2500 և մի փոքր ավելի զոհ է տվել, բայց Ադրբեջանը 15․000-20․000 զոհ է տվել։ Այդ ամենը ջրի երես է դուրս գալու․ հիմա իրենք հրճվում են, բայց դագաղները երբ գնան՝ հրճվանքը կվերանա»։

Տեսանյութեր

Լրահոս