Այլևս ի՞նչ պետք է լինի, որ վերջապես ազնիվ լինենք

Կարճ և կոնկրետ` «Նախկինին վերադարձ չի լինելու…» թեզը տանում է կործանման։

Առանց մանրամասնելու արձանագրում  ենք փաստերը։

Նախկինին մերժեցին, փորձեցին նախկինի նախկիններից մի քանիսին հեղինակազրկել, ունեզրկել, մեկուսացնել, մի քանիսին հասցրեցին մահվան, որպեսզի վերացնեն հավատը, արժեքները, պետությունն ու ազգը, և՞…

Արդյունքում` 2,5 տարվա ընթացքում կորավ Հայկական Արցախը, խլվեց մի քանի հազար երիտասարդ հայի կյանք, ունեցանք` 8-10 հազար երիտասարդ հայ վիրավոր և հաշմանդամ, մոտ 80 հազար անտուն հայ, մի քանի հազար հոգի կովիդից մահացած հայ, քայքայված ու փաստորեն լուծարված Հայաստան պետություն, անհանգիստ և վտանգավոր տարածաշրջան, Հայաստանի խարխլված տնտեսություն, բզկտված ու պառակտված հայ հասարակություն և սփյուռք, Հայաստանի բարոյալքված, հուսալքված և արտագաղթի ճամփան բռնած  ժողովուրդ:

Կշարունակե՞ն կրկնել` այսօր Հայաստանից դուրս գտնվողների կողմից ոչ վաղ անցյալում հեղինակած «…նախկինին վերադարձ չի լինելու…», ըստ էության՝ շատ անհասկանալի, պառակտող ու դավաճանական թեզը` կարճ ժամանակում կկորցնենք Հայկական պետությունն ու Հայ ազգը:

Միգուցե լվացված անուղեղների համար այս ճշմարտությունը շատ դառն է թվում, բայց սա իրականություն է, արձանագրված փաստեր են` անհերքելի և անժխտելի իրողություն, որից ոչ մի տեղ չես փախչի:

Սա իրողություն է…

Իրողություն է նաև այն, որ նախկիններից մի քանիսին պետք է աղաչեն, պաղատեն, չոքեչոք գնան խնդրեն, որ համաձայնվեն, և գան` գոնե մի քիչ բարելավեն երկրի ծայրահեղ  ծանր այս վիճակը:

Սա էլ է իրողություն…

Զավեշտալին և սարսափելին այն է, որ այսպես ասած «նախկինի»-ի մերժումը հեղինակվեց ու կազմակերպվեց նախկինի նախկինին խաղից դուրս թողնելու համար, և, փաստորեն` նախկինի նախկինի նախկինի կողմից: Ըստ որում` վերջինիս և նրա համախոհներին ողջ հայ ժողովուրդն իրավամբ ատում է մինչ օրս:

Տիեզերական մասշտաբի զավեշտը սա է, բայց…

Սա նույնպես իրողություն է:

Մնացածը` ով ինչպես կուզի թող մտածի:

Հ․Գ․  Իսկ հիմա թող շարունակեն ֆեյսբուքներում «խելացի» գրառումներ անել, կամ տարբեր նյութերի տակ մեկնաբանություններ թողնել (հիմնականում լատինատառ) «նախկինների-ներկաների», «հնի-նորի», «կոռուպցիայի ու թալանի», «նախկինին վերադարձ չլինելու…», և նմանատիպ հնացած, մաշված, մանիպուլյատիվ, պառակտող, անիմաստ ու դատարկ բաների մասին:

Աստված մեզ պահապան:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս