«Չեմ զարմանա, որ Ադրբեջանում պետական պարգև տան Փաշինյանին՝ մատուցած ծառայությունների համար». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանություններն անգամ չեն իմացել, թե ինչ օրակարգով են Հայաստան եկել ՌԴ պաշտոնյաները:
«Այսինքն՝ նրանք ունեն որոշումներ, որոնց մասին եկել և տեղյակ են պահել, կամ չգիտեմ՝ ինչ են քննարկել ՀՀ իշխանությունների հետ: Հաշվի առնելով, որ այցը շատ կարճատև էր, եկեք՝ չմոռանանք, որ միայն ՌԴ երկու նախարար չէին այնտեղ, այնտեղ այլ գերատեսչությունների ղեկավարներ էլ կային, այսինքն՝ մեծ փաթեթ մշակած ռուսական կողմը բերել է սկզբից համաձայնեցնելու Երևանում, հետո արդեն՝ Ադրբեջանում: Ըստ էության, աշխարհաքաղաքական գործընթաց է, որտեղ պաշտոնական Երևանը ունի զրո ազդեցություն, և տպավորությունս այն է, որ ընդամենը տեղեկացնում են իրենց, կամ պարզապես բերում են հաստատելու և վերջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ չի սկսվել և չի ավարտվում միայն Արցախով:
«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո խոսում էի այն մասին, որ չկան ճիշտ գործընկերային հարաբերություններ մեր հիմնական դաշնակիցների հետ, այս դեպքում՝ ՌԴ-ի հետ, չկա փոխգործակցություն, չկա պասերով իրար հետ խաղալու փորձ: Իսկ այս ժամանակահատվածում, երբ աշխարհաքաղաքականություն է փոխվել տարածաշրջանում, Ռուսաստանին էլ, ցանկացած այլ խոշոր երկրի էլ այստեղ պետք են վստահելի, կայուն գործընկերներ՝ մարդիկ, ովքեր լուրջ են, սելֆիներ չեն անում ամենաանսպասելի տեղերից և այլ երկրների ղեկավարներին անհարմար դրության մեջ դնում, անսպասելի չեն գնում լրացուցիչ հանդիպումներ խնդրում և ինչ-որ բաներ փորձում անել սեփական PR-ի համար, օրինակ՝ նույն ՌԴ նախագահի հեղինակությունը ծառայեցնում Հայաստանում փոքրիկ PR գործողությունների համար: Ես վստահ եմ, որ, եթե Հայաստանն ունենա վստահելի իշխանություն, ապա սպասվող քաղաքական գործընթացներում կարող ենք շատ ավելի բարելավել մեր վիճակը, քան այսօր կա, իսկ այս պահին փաստն այն է, որ Հայաստանին և Արցախին վերաբերող կարևորագույն խնդիրները որոշվում են՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու»,- ընդգծեց նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը РБК-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր երկրի համար ձեռնտու չէ, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից ու նրա փոխարեն իշխանության գան ազգայնական ադրբեջանաֆոբները։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ինչի՞ց է վախենում Ալիևը և ինչո՞ւ է ուզում, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության:
«Ես կարծում եմ՝ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին օրերից Ալիևը ունեցել է քաղաքական դիվիդենտներ՝ սկզբից ազատվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի կապանքներից՝ դրանք փոխարինելով վերելակյան ինչ-որ պայմանավորվածություններով: Հետո կարողացել է հնարավորություն ստանալ՝ անպատիժ ամրապնդել իր դիրքերը և ամրաշինական աշխատանքներ իրականացնել առաջնագծում, որը հնարավոր պատերազմում թույլ էր տալու երկրորդ գծից առաջին գիծ անվտանգ տեխնիկա տեղափոխել, հրետանի տեղակայել և այլն: Կարողացել է իր կողմը գրավել միջազգային հանրության տոտալ աջակցությունը, որպեսզի որևէ մեկը կասկածի տակ չդնի Արցախի՝ հայկական լինելու իրավունքը: Նա այստեղ տեսել է վարկաբեկված բանակ, պառակտված հասարակություն, չգործող պետական ինստիտուտներ, զրո դիվանագիտություն: Կասե՞ք գոնե մեկ պատճառ, թե ինչու պետք է Ալիևը ցանկանա, որ Նիկոլ Փաշինյանը չշարունակի ղեկավարել Հայաստանը: Ինչ արել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի կողմից օգտագործվել է՝ ի շահ Ադրբեջանի: Չեմ զարմանա, որ ինչ-որ մի ժամանակ անց պետական պարգև տան Փաշինյանին՝ այդ մատուցած ծառայությունների համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում