«Ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգում միջազգային կազմակերպություններին, որպեսզի ավելի ակտիվ  օգտագործեն իրենց հնարավորությունները ԼՂ  տարածաշրջանի բնակիչների համար»․ Լավրով

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծելու  հարցերն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրել էին երեք երկրների ղեկավարների  ստորագրած փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը»,- ՀՀ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ ասել է  ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Փաշինյանի և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ կատարեն երկու երկրների  համագործակցության,  դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

«Մենք հավատարիմ ենք դրան, Դուք արդեն ասացիք։ Շնորհակալ ենք մեր խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը Ձեր բարձր գնահատականի համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, որոնք վերադառնում են, որոնք հումանիտար օժանդակության կարիք ունեն։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որը ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգում միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական  օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն աջակցում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում»,- նշել էր Սերգեյ Լավրովը։

 

Տեսանյութեր

Լրահոս