«Հիմա բոլորը երջանի՞կ են, գո՞հ եք, լա՞վ է ամեն ինչ, «օկեյ», հարց չկա». Մհեր Մկրտչյան

Ազատության հրապարակում այսօր էլ շարունակվեց «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանաջով։

«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նախ ասաց, որ ևս մեկ անգամ չի պատմելու, թե ինչ է եղել, քանի որ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվել։

«Բոլորը գիտակցում, հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, բոլորը՝ կողքի փողոցներում անցնող անտարբեր մարդիկ, տանը բազմոցին նստած օնլայն նայողները։ Ես չեմ հասկանում մեկ բան, թե ինչու այս խայտառակությունից, դավաճանություններից, բացահայտումներից հետո հավաքվել է ընդամենը մեկ Ազատության հրապարակ, ես սա չեմ կարողանում հասկանալ։ Գիտեք, ստացվում է, որ, երբ տրանսպորտի գինը 100 դրամով բարձրացրեցին, հզոր ակցիաներ էին, բողոքներ, նույնիսկ «աստղերը» տաքսիներ էին քշում։ Իսկ հիմա բոլորը երջանի՞կ են, գո՞հ եք, լա՞վ է ամեն ինչ, «օկեյ», հարց չկա։ Գիտեք, ամենահեշտ պատասխանն այն է, որ իմ գործընկերները և մյուսները հետս շփումների ընթացքում ասում են, որ Նիկոլին դեմ են, բայց 17 կուսակցություններին չեմ համակրում՝ լավ, իմ ձեռքի վրա էլ կարող եմ հաշվել, թե ես քանի հոգու կարող եմ վստահել։ Ժողովուրդ, ամբողջ հարցն այն է, որ հիմա նրանք են բողոքում, իրենք են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Է հա, հավաքվեք դուք արեք, ես գամ ձեր կողքին կանգնեմ»,- նշեց Մհեր Մկրտչյանը։

Նա ընդգծեց, որ այս ամենն իր համար քաղաքական հարց չէ, ինքն էլ քաղաքական մարդ չէ, քաղաքականությունից հեռու է, իր գործը ֆիլմեր նկարելն ու սցենարներ գրելն է։

«Սա ինձ համար քաղաքականության հարց չէ, այլ արժանապատվության հարց է։ Անկախ նրանից, թե այստեղ ինչքան մարդ կհավաքվի՝ հազա՞ր, թե՞ հարյուր հազար, ամեն անգամ ես գալու եմ մեկ նպատակով, որ վաղն իմ ազգանունից չփախչեմ։ Ես ինձ հետ շատ անկեղծ եմ նրանում, որ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է։ Ես ազնիվ եմ ինձ հետ, նա վտանգ է, վտանգ է մեր երկրի, պետականության, մեր և մեր երեխաների վաղվա օրվա  համար, և, իհարկե, ինքը պետք է հեռանա»,- շեշտեց Մհեր Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս