«Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ, որը մատուցում է բոլորին». Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ դիմելով ներկաներին՝ ասաց, որ իր համար անսովոր կարգավիճակում է  հայտնվել, քանի որ երբեք չի մտածել, որ կմասնակցի քաղաքական գործընթացների, բայց այսօր դա փաստ է։

«Այսօր չեմ ուզում քաղաքական ելույթ ունենալ, այսօր ես ուզում եմ, որ մենք հանգիստ խոսենք ու տանք մի քանի հարցերի պատասխաններ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որով փորձում է  հերթական անգամ պահել իր իշխանությունը։ Նա ասում է, որ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար՝ նման բան չկա։ Սա զուտ քաղաքական պայքար չէ, պաշտոնապես հայտարարում եմ՝ սա պայքար է՝ հանուն հայրենիքի փրկության, սա պայքար է՝ մեր ապագայի համար։ Առաջիկա օրերին, երբ այս էյֆորիան և սուտը կանցնեն, մենք կառերեսվենք իրականության հետ, մեզ սպասվում են լուրջ խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական, սոցիալական, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարողանալու է լուծել այդ խնդիրները՝ ոչ»,- նշեց Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ նախկին պետը հիշեցրեց, որ դեռևս հունվարին ինքը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը նույն պահանջով են հանդես եկել։ Նա նաև հիշեցրեց, որ հոկտեմբերի 8-ին հրավիրել էին հանրահավաքի՝ կրկին նույն պահանջով, ինչո՞ւ են այս մասին մոռանում։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ բազմիցս նշել են, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին ու ներքին քաղաքականությունը երկրին բերելու են շատ ծանր հետևանքների։

«Նիկոլ Փաշինյանը, որ պետք է հեռանա՝ քննարկման հարց չէ։ Ուզում եմ ներկայացնել նաև այն ստերը, որոնք Նիկոլ Փաշինյանը մատուցում է մեզ՝ բոլորիս։ Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ, առաջինը արտաքին լսարանի համար է։ Ասում է, որ, եթե հայ ժողովուրդը հասնի իր հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որը ստորագրվել է՝ կչեղարկվի, և պատերազմը կսկսվի։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք։ Մենք ասում ենք, որ այս ստորացուցիչ հայտարարությունը ստորագրած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերն այդ պայմանագրում, նա չի կարողանալու հայանպաստ որևէ կետ բերել ու լուծումներ գտնել։ Մենք ի սկզբանե պատերազմ չենք ուզել, այն հրահրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր ապաշնորհ քաղաքականության արդյունքում։ Երկրորդ սուտը ներքին լսարանի համար է՝ ասում է, որ պարտվել ենք, այդքան զոհ է եղել՝ ոչինչ, բայց եթե ինքը գնա, ապա իրեն փոխարինելու են նախկինները։ Ժողովուրդ, սա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է և մերժվելու է, մենք գալիս ենք, մենք ապագան ենք՝ նոր դեմքերով, մտքերով և նոր տեսլականով»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։

Տեսանյութեր

Լրահոս