Նիկոլ Փաշինյանը և իր կրթության նախարարը ԵՊՀ-ն 2.5 տարի գլխատված են պահում, բայց նույնիսկ այդ վիճակում՝ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում է ընդունել. Գեղամ Մանուկյան
Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց՝ իրենց հավաքը քաղաքական հավաք չէ. «Սա կուսակցությունների հավաք չէ, սա ամեն մեկիդ առանձին «Ոչ»-ի բողոքի հավաք է: Եվ եթե այս հավաքները նախաձեռնել է 17 կուսակցություն, հիմա՝ հրաժարականի պահանջի տերը շատ-շատ ավելի լայն է. ամեն մեկդ առանձին է՝ իբրև քաղաքացի, բազմաթիվ կոլեկտիվներ, հաստատություններ նույն պահանջով են հանդես գալիս: Այս շաբաթվա սկզբին նույն հայտարարությունն արեց ՀՀ նախագահը»:
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությանը, որով պահանջում էին վարչապետի ու կառավարության հրաժարականը. «Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանը և իր կրթության նախարարը 2.5 տարի գլխատված են պահում, ղեկավարի ընտրություն տեղի չի ունենում, խառնվել է ամեն ինչ իրար, բայց նույնիսկ այդ վիճակում, երեկ ԵՊՀ բարձրագույն ժողովը՝ գիտական խորհուրդը, որտեղ հավաքված են Մայր բուհի լավագույն մասնագետները, մեր լավագույն գիտնականները, որոշում են ընդունել. սա որոշում է, ոչ թե մի քանի անձի ստորագրված հայտարարություն»:
ՀՅԴ անդամը մեջբերեց ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունից մեկ հատվածը՝ նկատելով, որ նույն թեզերը հանրահավաքում հնչեցրել են իրենք օրեր շարունակ և նաև ՀՀ նախագահը՝ այս շաբաթ. «Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։ Այս ամենի հետևանքով մեր պետականության ճակատագիրը և ապագան էականորեն վտանգված են, ուստի Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է. Վարչապետի և կառավարության հրաժարականը: Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում` բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում և հայկական շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացում, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպում»: