Մովսես Հակոբյանի ասուլիսում ներկայացված տեղեկությունների հիմքով հարուցվել է քրեական գործ
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի ասուլիսը պայթող ռումբի ազդեցություն թողեց հայ հասարակակակ-քաղաքական շրջանակների համար:
Այդ ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանի արած բացահայտումները լույս էին սփռում հայկական կողմի կրած խայտառակ պարտության վրա, և բնական է, որ այն անհետևանք չէր կարող մնալ:
Նույն օրն իսկ ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Այս մասին հայտարարել էին գլխավոր դատախազությունից։
168.am-ի հետ զրույցում էլ ավելի ուշ ՀՔԾ-ից տեղեկացրել էին, որ դատախազության նյութերն արդեն ստացել են ու Ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Այսօր կրկին դիմեցինք Հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկանալու, թե որ փոիլում է գտնվում գործը և արդյո՞ք քրեական գործ հարուցվելու է, թե՞ ոչ:
«ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք՝ ՔՕ հոդված 308–ը սահմանում է․ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»։
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Նկատենք, որ ասուլիսը հրավիրելու պահին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն արդեն պաշտոնատար անձ չէր: