168.am-ը պատասխանատվություն չի կրում ՌՈ պետի՝ խոսելու ցանկություն չունենալու համար
Նոյեմբերի 19-ին հայկական Տելեգրամ ալիքներից մեկը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ Աշոտ Զաքարյանին 10 հոգուց բաղկացած անվտանգության աշխատակիցների խումբ է հատկացվել:
168.am-ը փորձեց այս տեղեկատվությունը ճշտել հենց ՌՈ պետից, ինչպես հաճախ պաշտոնյաները հորդորում են անել լրատվամիջոցներին:
Ընդամենը ցանկանում էինք ստուգել տեղեկատվության իսկությունը և մեկ հարց ուղղել Աշոտ Զաքարյանին՝ ինչո՞ւ է ինքն այդքան մտահոգ իր անվտանգության հարցով, կա՞ արդյոք պատճառ, թե՞ ոչ:
«Կներեք, հարցազրույց չեմ տալիս: Շնորհակալություն, ցտեսություն»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց ՌՈ պետը:
Մինչ փորձում էինք պարզաբանել, որ հարցազրույց չենք ուզում, ընդամենը մեկ հարց ունենք, մեկ ճշտում, Աշոտ Զաքարյանը հեռախոսն անջատեց:
Եվս մեկ անգամ ընդգծենք, որ լուրն անձնապես փորձել էինք ճշտել ՌՈ պետից, զանգահարել էինք անձամբ իրեն՝ շեշտելով, որ հարցազրույց չենք ուզում, այլ ընդամենը՝ մեկ ճշտում: Սակայն Աշոտ Զաքարյանը չցանկացավ լսել ու անջատեց հեռախոսը:
Այսօր, սակայն, ՌՈ–ն հերքում է ուղարկել 168.am-ի էլեկտորային հասցեին՝ գրելով, որ մեր հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:
ՌՈ–ից հայտնում են, որ գնդապետ Ա.Ռ. Զաքարյանը իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների հետ պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվել է Արցախում և ակտիվ մասնակցությունն են ունեցել ռազմական գործողություններին:
«Ռազմական ոստիկանության պետը Արցախում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում չի ունեցել և չունի անվտանգության աշխատակիցների կարիք, քանի որ գնդապետ Ա.Ռ. Զաքարյանը լինելով վարձրաստիճան զինվորական սպա, բացի զինվորական ծառայությունից որևէ այլ գործառույթով չի զբաղվել և ներկայումս էլ չի զբաղվում, այդ իսկ պատճառով որևէ մեկից պաշտպանության կարիք չունի, առավել ևս անվտանգության աշխատակիցների միջոցով:
Հարգելի 168.am կայքի խմբագրություն, Ձեր կողմից տեղադրված նյութը չի համապատասխանում իրականությանը»,- մասնավորապես նշված էր ՌՈ հասարակայնության հետ կապերի բաժնից ուղարկված հերքման մեջ:
Հարգելի ՌՈ պատասխանատուներ, 168.am-ը որևէ պարտավորություն չի կրում ձեր տրամադրությունների ու անպատասխանատվության համար:
Լրատվամիջոցները, ստանալով որևէ տեղեկատվություն, այն փորձում են ճշտել տարբեր խողովակներով: Այս դեպքում լուրի իսկությունը ցանկացել ենք ճշտել անձամբ ՌՈ պետից, ով լսելով, որ զանգը 168.am-ից է, անմիջապես կորցրեց խոսելու ցանկությունը:
Այնպես որ, ինչպես մեր բարեկամ ռուս ժողովուրդն է ասում, «После драки кулаками не машут»:
Հ.Գ. Եվ մի ճշտող հարց՝ մեր հրապարակման ո՞ր մասը չէր համապատասխանում իրականությանը, որ զանգե՞լ ենք Ա․ Զաքարյանին, թե՞ այն, որ նա չի ցանկացել խոսել: Եթե նկատի ունենք անվտանգության աշխատակիցների վերաբերյալ հատվածը, հարգելիներս, դուք մոլորության մեջ եք… Դա մեր հրապարակումը չէր, այլ սոսկ լուր, որը ցանկանում էինք ճշտել: