ԵՀ-ի ղեկավարը բացատրել է իր դիրքորոշումը Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ
Եվրոպայի ղեկավարները տեսախորհրդաժողովի ժամանակ չեն քննարկել Հունգարիայի կողմից Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերումը, ԵՄ-ն պատվաստանյութերի իր քաղաքականության մեջ ելնում է դրանց անվտանգությունից եւ հուսալիությունից: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Ո՛չ, դա բանավեճի առարկա չի եղել այդ տեսախորհրդաժողովի ժամանակ: Իսկ ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ պատվաստումն անվտանգության եւ վստահության հարց է: Ե՛վ այդ անվտանգությունը, ե՛ւ այդ վստահությունը, դրանք կլինեն, երբ առկա է այն տվյալների թափանցիկությունը, որոնք վերաբերում են պատվաստանյութերի մշակմանը կամ կլինիկական փորձարկումների ընթացքին»,-ասել է ֆոն դեր Լյայենը՝ նոյեմբերի 19-ի երեկոյան Բրյուսելում հանդես գալով մամուլի ասուլիում՝ ամփոփելով Եվրամիության վիրտուալ անցկացված գագաթնաժողովի արդյունքները, որի գլխավոր թեման եղել է COVID-19-ի համավարակի դեմ պայքարը:
«Հետեւաբար, ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որպեսզի ցանկացած պատվաստանյութ, որն օգտագործվելու է, լիներ Դեղամիջոցների եվրոպական գործակալության թույլտվության ընթացակարգի առարկա: Այդ ամենը, իսկական թափանցիկության դեպքում, երաշխավորում է պատվաստանյութի լիակատար անվնասակարությունը եւ վստահություն է ծնում: Այսպիսին է իմ կարծիքը»,-բացատրել է եվրոպական հանձնաժողովի նախագախը՝ ի պատասխան համապատասխան հարցի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: