Բնակարանային գողություն Վարդենուտ գյուղում
Նոյեմբերի 16-ի երեկոյան ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում տվեց Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի մի բնակիչ: Ըստ նրա` երկու օր առաջ, երբ մեկ օրով բացակայել են տնից, տեխնիկական միջոց գործադրելով բացել են պատուհանը և գողացել 200 հազար դրամ:
Օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր, ուսումնասիրում տարածքը, ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Երկար ու հեռու փնտրելու կարիք չկար. ժամեր անց Ապարանի քրեական հետախույզերը պարզում են, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 40-ամյա մի բնակչուհի:
Միակ բարդությունն այն էր, որ կինը տանը չէր: Հեռախոսով անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ կինը հայտնում է իր տեղը: Երեկոյան ժամը 10-ին իրավապահները նրան հայտնաբերում են, բերման ենթարկում և ներկայացնում Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Այստեղ նա խոստովանում է արարքը և պատմում որոշ հանգամանքներ:
Նաև հավելել է, որ հափշտակած գումարի մի մասով հագուստ է գնել, նաև այցելել է մատնահարդարի և արհեստական եղունգներով զարդարել մատները: Իսկ երբ նրան զանգահարել են ոստիկանները` պոկել-թափել է արհեստական եղունգները, իսկ փողի մնացած մասը, ըստ իր հայտնածի, նետել է ձորը: Փողի մի մասը հայտնաբերվել և վերցվել է։
Կինը նաև հայտնել է, որ դեռևս այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նույն տնից կատարել է ոսկյա զարդերի գողություն:
Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
`