Ինչ խոստում է տվել Ռուստամ Մուրադովը ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդին. «Ա1+»
Դադիվանքի կարգավիճակը առայժմ անորոշ է մնում։ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որն այս պահին գտնվում է Ստեփանակերտում, «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց՝ ամեն ինչ շատ բարդ է, ժամ առ ժամ ամեն բան փոխվում է։
«Հետագա սահմանային փոփոխություններ կլինեն, թե ոչ, դրան ես չեմ տիրապետում։ Մենք բազմիցս դիմել ենք, որպեսզի Դադիվանքը որպես գործող վանական համալիր մնա անվտանգ»,- «Ա1+»-ին փոխանցում է նա։
Եպիսկոպոսը հանդիպում է ունեցել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ․ «Ինքն ինձ ասաց, որ անհոգ եղեք, Սրբազան, վանքը գործելու է անվտանգ։ Նա ինձ հավաստիացրեց, որ ժողովուրդը կարող է գնալ-գալ ու խնդիր չենք ունենա»։
Ըստ Սրբազանի՝ Դադիվանքում վանական կյանքը շարունակվում է աշխույժ մնալ, մեր հոգևորականներն այնտեղ ամենօրյա աղոթքներ, ժամերգություններ ու պատարագներ են անում, ժողովուրդը շարունակում է այցելել ։ Կիրակի օրը՝ նոյեմբերի 22-ին, Դադիվանքում պատարագ է լինելու, որին կմասնակցի նաեւ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Նա կարծում է՝ այդ օրը հնարավոր է որոշակիություն լինի։