«Երբևէ ՀՀ-ում այս աստիճան բռնապետական ճնշումներ չեն եղել». իրավապաշտպան

Այսօր Երևանի որոշ փողոցներ փակելու համար ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ: Ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ «հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու համար» մի քանի տասնյակ  քաղաքացիներ են բերման ենթարկվել, այնքան շատ, որ ոստիկանության բաժնում նրանց չէին կարողանում տեղավորել:

«Փողոց փակելը՝ որպես Հայաստանում գործողություն, դա մենք բոլորս գիտենք, որ սկսած 2018 թվականից իրավաչափ բողոքի արտահայտման ձև է համարվում: Հիմա պատճառաբանում են, որ ռազմական դրություն է գործում, բայց բոլորիս համար հասկանալի է, որ այս ռազմական դրության միակ նշանակությունը բողոքի և ընդվզման ալիքները ճնշելն է: Բացարձակապես ոչ իրավաչափ է այս պահին պահպանելը ռազմական դրությունը: Ընդհանրապես որևէ անհրաժեշտություն չկա… Կարճ ասած, այս ամենը հուսահատ փորձեր են, ռեպրեսիվ փորձեր են այն մարդկանց կողմից, որոնք իրենց համարում էին և իրենց դիրքավորում էին՝ որպես ժողովրդավար: Երբևէ ՀՀ-ում այս աստիճան բռնապետական ճնշումներ չեն եղել՝ խոսքի ազատության, արտահայտվելու ազատության, հավաքների ազատության նկատմամբ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ նրանց նկատմամբ կիրառվել է ոչ թե վարչական ձերբակալում, այլ ձերբակալվել են քրեական դատավարության շրջանակներում կառավարության  կողմից մտցված ՔՕ 225.1 հոդվածով՝ ռազմական դրության ժամանակ հավաք կազմակերպելու համար: Մելիքյանը նշեց, որ նրանց մի մասին Ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն, որպեսզի գործը հանձնեն քննչական մարմիններին, նրանք որոշեն՝ ինչպիսի ընթացք են տալիս գործին:

«Եթե լինեն ձերբակալություններ՝ հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն մինչև 7 տարեկան երեխաներ, դա օրենքով ուղիղ արգելվում է, դա կլինի օրենքով նախատեսված ակնհայտ ապօրինի ձերբակալում: Թեև մյուս դեպքերում նույնպես ես պնդում եմ, որ սա ակնհայտ ապօրինի ձերբակալում է: Դա կլինի հանցագործություն»,- անդրադառնալով բերման ենթարկված քաղաքացիներին  ձերբակալելու հնարավորությանը՝ ասաց Ռուբեն Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս