
Մանկապարտեզում միայն իմ ընտանիքն է ապրում, չկա ջեռուցում․ Արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի

Ստեփանակերտցի ընտանիքը, որը ժամանակավոր բնակություն է հաստատել Արարատի մարզի Գոռավան գյուղի մանկապարտեզում, գումարի և սննդի կարիք ունի։
«Ունեմ 5 անչափահաս երեխա՝ 10 և 2 տարեկան տղաներ, 8, 4 և 3 տարեկան աղջիկներ։ Ապաստանել ենք Գոռավանի մանկապարտեզում։ Ունենք սննդի և գումարի կարիք։ Մանկապարտեզում միայն իմ ընտանիքն է ապրում, չկա ջեռուցում, մեծ սենյակները մի փոքր տաքացուցիչով ենք տաքացնում, որն անօգուտ է ու անհնար է մի փոքր տաքանալ գոնե։ Գրեթե երկու ամիս է՝ այստեղ եմ, համայնքապետարանը երկու անգամ չոր սնունդ է տրամադրել ու հագուստ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նունե Մովսիսյանը։
Մեր զրուցակիցը հույս ունի, որ ամեն ինչ կկարգավորվի, ու իրենք կվերադառնան Ստեփանակերտ՝ ապրելու, սակայն մեկ բայց կա․
«Դեռ չգիտեմ՝ ինչպես է լինելու, մեր տունը հենց Շուշիի ներքևն է ընկնում։ Այսօրվա դրությամբ դեռ վախ կա, ամեն դեպքում 5 երեխաների կյանքի հարցն է։ Հետևաբար, մի քիչ կսպասենք, տեսնենք ինչ է լինում, հետո կգնանք։ Այստեղ տուն չկա ապրելու, իսկ մանկապարտեզը շուտով կբացվի, պետք է դուրս գանք, ամուսինս էլ առայժմ Արցախում է»։
Ընտանիքին օգնելու համար գործում է հետևյալ քարտի համարը՝ Մովսիսյան Ռազմիկ Բախշիի անունով՝ Արցախբանկ 9051350200690566։