ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին
Սիրիական Իդլիբում զինյալները շարունակում են հանցագործություններ կատարել, իրականացնում են խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատողների մահապատիժներ: Այդ մասին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:
«Մենք տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար աշխատողների շարունակվող ձերբակալությունների մասին Իդլիբում, Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, այն շրջաններում, որոնք գտնվում են «Հայաթ Հահրիր աշ-Շամ» եւ այլ զինված խմբավորումների հսկողության ներքո: Մենք նաեւ խորը տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում ձերբակալություններից եւ այսպես կոչված «դատական գործընթացներից» հետո մահապատիժների մասին, որոնք անցկացվում են փաստական իշխանությունների կողմից»,-ասել է նա: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալներով, նոյեմբերի 18-ին «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի զինյալները հաստատել են, որ պահում են 28-ամյա լրագրողուհու եւ հումանիտար աշխատող Նուր աշ-Շալլոյին՝ «բարոյական» եւ «քրեական» հանցագործությունների մեջ մեղադրանքով:
Կինը ձերբակալվել էր դեռ սեպտեմբերին, երբ զբաղվում էր հարցերով, որոնք վերաբերում էին կալանքի տակ վերցված նրա երեք երեխաներին: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տեղեկատվությամբ, Նուր աշ-Շալլոյին կարող է մահապատիժ սպառնալ: Շամդասանիի խոսքով, վարչությունը նաեւ տեղեկատվություն ունի այն մասին, որ մի քանի մարդ արդեն մահապատժի են ենթարկվել «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի կողմից՝ հակամարտող կողմին, ներառյալ քրդական զինված խմբերին կամ սիրիական կառավարությանը, ենթադրյալ պատկանելության կամ աստվածանարգության, ամուսնական անհավատարմության, գողության կամ սպանության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: