«Ես մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ Շուշին կտան, դրա համար էլ անգամ սրբություններն այնտեղից չհանեցի». Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու քահանա
Հոկտեմբերի 8-ին, երբ ադրբեջանական հրոսակներն առաջին հարվածները հասցրեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, այն մասամբ վնասվեց։ Դրանից հետո մի խումբ երիտասարդներ եկեղեցու ներսը մաքրել էին փոշուց ու ավերակներից։ Սուրբ Ղազանչեցոցում ամեն առավոտ եկեղեցու քահանա տեր Անդրեաս Թավադյանը պատարագ էր մատուցում, օրհնում առաջնագիծ մեկնող երիտասարդներին, վիրավոր եկեղեցում նույնիսկ պսակադրություն տեղի ունեցավ։
Նոյեմբերի 6-ից հետո տեր Անդրեաս քահանա Թավադյանին այլևս թույլ չէին տվել բարձրանալու Սուրբ Ղազանչեցոց՝ նրա անվտանգությունից ելնելով, քանի որ թշնամին արդեն Քարին տակում էր։
«Ես մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ Շուշին կտան, դրա համար էլ անգամ սրբություններն այնտեղից չհանեցի, որովհետև որևէ մեկը չէր մտածում, որ կարող էին Շուշին հանձնեին, կամ թշնամին գրավեր։ Սա անհավատալի բան էր, դրա համար մեր սրբությունները թողել էինք այնտեղ, եկեղեցուց հանել էինք, դրել էինք գրասենյակում ու դուռը փակել էինք, որպեսզի չվնասվի ու չգողանան։ Գիշերը գնում էի Ստեփանակերտ, առավոտյան բարձրանում էի Ղազանչեցոց, զանգը խփում էի, պատարագ, աղոթք անում, չնայած կիսաքանդ էր, բայց այնտեղ աղոթք արվում էր։ Մենք չէինք հավատում, մեր մտքով չէր անցնում, որ կարող էին հասնել Շուշի, դրա համար հանգիստ էինք։ Թերացումների ու այլ բաների հետ կապված՝ ես իրավասու չեմ գնահատականներ տալ։ Մենք էլ չգիտենք, թե ինչ կատարվեց, մինչև հիմա շոկի մեջ ենք ու չգիտենք՝ ով որտեղ է սխալվել, ով ինչ է արել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քահանան։
Տեր Անդրեաս Թավադյանն ասաց, որ այս պահին հոգևոր ծառայություն է մատուցում Ստեփանակերտի մայր եկեղեցում՝ ժամերգություններին ու պատարագներին այնտեղ լինում։ Ճիշտ է, դեռևս մնալու տեղ չունի, բայց եկեղեցու հովվատանն է գիշերում՝ փոքր սենյակում։
«2001 թվականից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու քահանան եմ՝ արդեն 19 տարի։ Տեսա, թե ինչպես է թշնամին պայթեցրել Սուրբ Հովհաննես Մկրտչի՝ Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը։ Մտածում եմ, որ մեկ տարի հետո Շուշիում այլևս հայկական որևէ հետք չի մնալու, ամեն ինչ ուղղակի կվերացնեն։ Ղազանչեցոց եկեղեցու պարագայում մի քիչ այլ է, որովհետև այնտեղ այժմ վերահսկողություն կա ռուս խաղաղապահների կողմից, բայց միևնույն է, եթե չպայթեցնեն, ապա կամաց-կամաց կոչնչացնեն։ Սկսած գերեզմաններից, վերջացրած մեր ամենամեծ սրբություններով, աստիճանաբար կքանդեն, որպեսզի Շուշիում հայկական հետք չլինի։ Թշնամու ոտքն արդեն Շուշիում է, նրանք տներն ավերել են, թալանել, չեմ կարծում, որ այս պահին հնարավոր կլինի այնտեղ վերադառնալ։ Իհարկե, մեր բոլորիս ցանկությունն էլ մեծ է՝ վերադառնալ Շուշի, ծաղկեցնել այն, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը հնչեցնել։ Հիմա սրանք հին ադրբեջանցիները չեն, նրանք արդեն ահաբեկիչներ են, որոնց համար որևէ արժեք գոյություն չունի, նրանք հայկական քարը քարի վրա չեն թողնի»,- հավելեց քահանան։
Տեր Անդրեաս Թավադյանը նաև շեշտեց, որ միանշանակ չի կարող ասել, որ ադրբեջանցիների ներկայությամբ Արցախում ապրելն անվտանգ է, քանի որ թշնամուն շատ լավ են ճանաչում, նրանց ձեռագիրն ու մտածելակերպը գիտեն, միակ հույսն այս պահին ռուս խաղաղապահների ներկայությունն է։
«Ռուս խաղաղապահն ասում է, որ հինգ տարի պահպանելու է անվտանգությունը, թե ինչպես կլինի ընթացքն ու վերաբերմունքը մեր հանդեպ՝ չգիտենք, հիմա սա է։ Հիմա այստեղ անորոշ վիճակ է, կոնկրետ չգիտենք՝ վաղը կամ մեկ ժամ հետո ի՞նչ է լինելու մեզ հետ՝ Շուշիից իջնելու ենք մեզ կոտորե՞ն, թե՞ ոչ, չգիտենք»,- եզրափակեց քահանան։