«Որևէ մտավախություն չունեմ՝ թող գնդակահարեն, ես հայրենիք եմ կորցրել». Ռուբեն Մելիքյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր մի շարք քաղաքացիներ փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ քաղաքացիներին ոստիկաններն ապօրինի բերման են ենթարկում։
«Ռազմական դրության երկարաձգումը բացարձակ իրավաչափ չէ, որովհետև պատերազմը մենք պարտվել ենք, կորցրել ենք Արցախը։ Ռազմական դրությունը երկարաձգում են նրա համար, որպեսզի այս ակցիաներն անթույլատրելի համարվեն։ 2018 թվականին մեր պետության համար վտանգն ավելի մեծ էր, քան այսօր, քանի որ այսօր ՌԴ-ն, փառք Աստծո, պաշտպանում է Արցախի եղբայրների և քույրերի անվտանգությունը։ Այս ամենը բացարձակ անթույլատրելի է, և ոստիկանությունը բացարձակ իրավունք չունի խոչընդոտելու քաղաքացիներին իրականացնելու խաղաղ ակցիա։ Ոստիկանները բերման են ենթարկում նաև մարդկանց, որոնք փողոցի վրա չէին, ոստիկանության այս գործողությունները հանցագործություն է, անբարոյականություն, Շուշի ծախել է, նորից Շուշի ծախել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա, տեղի ունեցողը խաղաղ անհնազանդության գործողություն է, և քաղաքացիները խաղաղ անհնազանդություն են հայտնում Շուշին հանձնողներին։
«Մարդիկ պետք է տեսնեն, որ մենք մեր արժանապատվությունը չենք կորցրել և մենք բողոքում ենք այն մարդկանց դեմ, որոնք ոչ միայն հանձնեցին մեր հայրենիքը, այլև կպած աթոռներից՝ ուզում են պաշտոնավարումը շարունակել։ Ես որևէ մտավախություն չունեմ, որ ինձ էլ բերման կենթարկեն, թող գնդակահարեն, ես հայրենիք եմ կորցրել»,- հավելեց նա։