Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ստորաքարշության մրցություն

Մամուլը, սոցիալական ցանցերը, քաղաքական կուլիսները և մնացած բոլոր հարթակները հեղեղված են կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին քննարկումներով։ Շրջանառվում են տարբեր անուններ, թե որ նախարարին ով է փոխարինելու, հեռացողները համառորեն հերքում են, որ հեռացվում են, փոխարինողները համառորեն պնդում են, որ փոխարինվելու են։

Իրականում սա ոչ թե պաշտոնյաների փոփոխության գործընթաց է, այլ անբարոյականության ու ստորաքարշության շքահանդես, որի հրամանատարը, ոչ թե հրամանատարը, այլ թամադան Նիկոլ Փաշինյանն է։

Սեփական իշխանությունը փրկելու մոլուցքով նա հայտարարել է պատվազրկման մրցություն, որում հաղթողները նշանակվելու են ինչ-որ պաշտոններում։ Մրցությանը մասնակցողների բանականությունը մրցությունում հաղթելու մարմաջից այնքան է մթագնել, որ նրանք նույնիսկ չեն մտածում, որ այդ պաշտոններում կարող են պաշտոնավարել ընդամենը մի քանի օր։
Պաշտոնափոխության այս առուծախում տեղի է ունենում հանցագործություն, ծանր հանցագործություն, որի համար, սակայն, որևէ օրենսգրքում պատժաչափ նախատեսված չէ։

Ահա այս անպատվության առուծախում ոչնչացվում է մարդը, մարդկային ամենատարրական արժանիքները, որոնք դրա կրողները պատրաստ են զոհաբերել հանուն ինչ-որ պաշտոններում նշանակվելու։

Նիկոլ Փաշինյանն ահա սպանում է մարդուն, որովհետև առանց այդ որակների՝ մարդը դադարում է մարդ լինել և դառնում է սոսկ գործիք։ Այսինքն՝ մենք այսօր, հենց այս պահին մարդասպանության լուռ ականատեսներ ենք, մարդասպանություն, որ տեղի է ունենում կառավարությունում, կամ հանուն կառավարությունում հայտնվելու։

Մարդասպանության այս տեսակի հեղինակը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, բայց հավասարապես նաև սպանվողներն են, որոնց պարագային կատարվողն արդեն ինքնասպանություն է։

Պատերազմն արհավիրք է, որը սպանում է ոչ միայն ֆիզիկապես։ Պատերազմում և, ինչպես ցույց է տալիս կյանքը, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում տեղի են ունենում նաև բազմաթիվ այլ սպանություններ ու վախճաններ։

Մենք շարունակում ենք ապրել սպանված ու ինքնասպանված մարդկանց կողքին։ Կամ՝ նրանց ղեկավարության ներքո։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս