ԵԽ պատգամավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել աջակցել՝ պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը բաց նամակ է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Արցախի մշակութային ժառանգությունը ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելուն աջակցելու կոչով:

Պատգամավորը նախ նշել է, որ նամակով ցանկանում է խնդրել գլխավոր տնօրենի աջակցությունը՝ ադրբեջանական սպառնալիքներից պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը, հայկական անփոխարինելի ժառանգությունը: «Արդեն կան հավաստի տեղեկություններ ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից եկեղեցիների ու վանքերի նկատմամբ վանդալիզմի մասին: Ես կցանկանայի իմանալ, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքանո՞վ կարող է միջամտել այս ճգնաժամին՝ ապահովելու, որ Արցախում անգնահատելի ժառանգությունը չոչնչանա, և ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ապահովելու, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան պահպանեն միջազգային պայմանագրերը»,-գրել է պատգամավորը:

Նա շեշտել է, որ ինքը, օրինակ, գիտի, որ Ադրբեջանը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2016 թվականի մարտի հայտարարությունը, որով դատապարտվում է մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը: Պատգամավորը նշել է՝ որքանով ինքն է տեղյակ՝ բոլոր կողմերը պարտավորություններ ունեն՝ Մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի կատարման մասով:

«Այնուամենայնիվ, ես կիսում եմ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի մտահոգությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է բռնել ոչնչացման քաղաքականության ուղին, որը կարող է արմատախիլ անել հարուստ հայկական ժառանգությունը: Ես ուրախ եմ, որ Դուք արդեն հրապարակել եք հրապարակային հայտարարություն, որով կոչ եք անում բոլոր կողմերին հարգել իրենց միջազգային պարտավորությունները, և հուսով եմ, որ Ձեզ կհաջողվի ապահովել, որ մեր վատագույն վախերը չիրականանան»,- եզրափակել է նա:

Տեսանյութեր

Լրահոս