
Կառավարության կազմի փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժամանակ շահելու նպատակ ունի՝ անձնական փրկության խնդիրները լուծել փորձելու համար. Ստեփան Դանիելյան. tert.am

Կառավարության կազմի փոփոխությանն ընդամենը ժամանակ շահելու նպատակ է հետապնդում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով մի շարք նախարարների և այլ պաշտոնյաների՝ աշխատանքից ազատվելուն:
«Դրա միջոցով Նիկոլ Փաշինյանն անձնական փրկության խնդիրները լուծելու փորձ է կատարում»,-նշեց քաղաքագետը:
Ըստ Դանիելյանի՝ էական չէ՝ Փաշինյանն ընդունու՞մ է իր սխալները, բայց դրանք, միևնույն է, կարժանանան գնահատականի:
«Իր սխալների հարցը դատարանում է քննվելու և ոչ միայն պատերազմից առաջ և ընթացքում հանցավոր անփութության, ոչ կոմպետենտության հարցը: Գուցե այլ, ավելի ծանր մեղադրանքներ լինեն: Այդ ամենը քննությունը ցույց կտա»,-նշեց նա՝ ընդգծելով, թե հնարավոր է՝ այլ մեղադրանքներ ևս լինեն:
«Չմոռանանք, որ կլինեն այլ մեղադրանքներ, այդ թվում՝ նաև Սահմանադրության կարգի խախտման բազմաթիվ դեպքերի դրվագներում, մասնավորապես՝ դատարանների շրջափակումն ու Սահմանադրական դատարանի հետ կապված գործողությունները»,-ասաց Ստեփան Դանիելյանը: