Գերմանիայում անհայտ անձը սառը զենքով վերքեր է հասցրել մի քանի մարդու
Անհայտ անձը սառը զենքով բնակիչների վրա է հարձակվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամասի Օբերհաուզեն գերմանական քաղաքում: Այդ մասին հաղորդել է WAZ թերթը:
Կասկածյալը ձերբակալվել է: Ոստիկանությունը տուժածների ստույգ թիվը չի նշում՝ վկայակոչելով, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է: Բացի այդ, առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ «ծակող» զենքի մասին է խոսքը: Վերջին ամիսներին Եվրոպայում հարձակումների մի ամբողջ ալիք է անցել:
Այսպես, նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում ահաբեկչություն է կատարվել: Զինված մարդն անցել է փողոցներով ու կրակել անցորդների վրա, արդյունքում զոհվել է չորս մարդ, եւս 22-ը՝ վերքեր ստացել: Հարձակողներին ոչնչացրել են: Ավստրիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից էր: Հոկտեմբերի 29-ի առավոտյան դանակով զինված տղամարդը երեք մարդ է սպանել Նիսի Նոտր-Դամ եկեղեցում: Հարձակվողին ձերբակալել են:
Հոկտեմբերի 16-ի երեկոյան ծայրահեղականը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին է գլխատել Փարիզի կոմունաներից մեկում: Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Charlie Hebdo-ում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: