Սանդուն պլանավորում է Մոլդովայում տնտեսական ճգնաժամը հաղթահարել ԱՄՆ-ի օգնությամբ
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն հանդիպում է անցկացրել Քիշնեւում ԱՄՆ-ի դեսպան Դերեք Հոգանի հետ. նա ակնկալում է Վաշինգտոնի օգնությունը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում: Այդ մասին հաղորդել է Սանդուի գլխավորած «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 15-ին Մոլդովայում անցկացվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Հանրապետության քաղաքացիները պետության ղեկավար են ընտրել առաջիկա չորս տարվա համար: Ընտրությունների երկրորդ փուլի հավակնորդներն են եղել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած նախագահ Իգոր Դոդոնը եւ նախկին վարչապետ, «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն:
Հանձնաժողովի կայքում զետեղված նախնական տվյալների համաձայն, ընտրատեղամասերից արձանագրությունների 100 տոկոսի մշակումից հետո Սանդուն նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում ձայների 57,75 տոկոսով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25 տոկոսը:
«Ընտրված նախագահ Մայա Սանդուն հանդիպում Է անցկացրել Քիշնեւում ԱՄՆ-ի դեսպան Դերեք Հոգանի հետ, որտեղ քննարկել Է Մոլդովայի ընթացիկ իրադրությունը. Մայա Սանդուն նշել Է, որ Մոլդովայի քաղաքացիները խիստ տուժել են տնտեսական ճգնաժամից եւ առողջապահության բնագավառի ճգնաժամից, եւ որ այդ ճգնաժամերի հաղթահարումն անհետաձգելի խնդիր է, …այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով»,-ասվում է Facebook-ում կուսակցության էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սանդուն շնորհակալություն է հայտնել Հոգանին այն մշտական աջակցության համար, որը հանրապետությանը ցուցաբերվում է երկար ժամանակ: Նա նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր փուլ սկսել Մոլդովայի արտաքին քաղաքականության մեջ:
Այս տարի Մոլդովան տնտեսական ճգնաժամ է վերապրում, որը հրահրել է սաստիկ երաշտը, կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաեւ քաղաքական անկայունությունը, հաղորդվել է ՌԻԱ Նովոստին: