Եթե Երևանում անակնկալի եք եկել այդ գյուղը թողնելու լուրից, ապա իմացեք, որ էլի շատ բան կիմանաք ապագայում. Արսեն Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ բան կա ասելու, ուժ չունեմ դեռ, բայց էս պիտի պատմեմ։ Մարտակերտից վերադառնալուց կարեւոր չէ ինչու մի քանի հոգի մոբերով նոյեմբերի 15-ից 16 գիշերել ենք Նոր Մարաղայում՝ Արայի տանը, իր ընտանիքի հետ։ Կյանքիս ամենաջերմ ու ամենածանր գիշերներից էր։ Եթե Երեւանում անակնկալի եք եկել այդ գյուղը թողնելու լուրից, ապա իմացեք, որ էլի շատ բան կիմանաք ապագայում։
Զինադադարի առաջին օրվանից գյուղացիք լսել էին, որ շենը հանձնելու են, ով կարող էր՝ վերադարձել էր Հայաստանից, որ հասկանան ինչ են անում։ Դիմել են գյուղապետից մինչեւ չգիտեմ ով, նախագահ, ոչ ոք հստակ բան չի ասել, զինվորականները ասել են՝ կարծես հա, հանձնում ենք, պաշտոնյաները ասել են՝ սպասեք, կասենք կկազմակերպենք։ Խեղճ մարդիկ (թեպետ խեղճը լավ բառ չէ) շվարած էին, երկրորդ անգամ տեղահանվել, տարիներով ստեղծած հրաշալի տնտեսության փշրանքները մի կերպ տեղափոխելու հարցերը լուծելը ժամանակ ա պահանջում։
Ասում էին՝ հիմա ի՞նչ անենք, զիլ-կամազ ճարենք, կահույքն ու անասունը տանենք, տունը վառենք, բա որ ասեն՝ մնում եք։ Բա որ վերջի օրը ասեն լքեք՝ ստիպված կովերին գյուլլելու ենք, Ֆ1 գցենք տուն, նռան, կորոլյոկի, խաղողի այգիները թողենք, տկլոր գնանք։ Ու տենց էլ էղավ։ Զանգեցի ընկերոջս՝ իրենց բարեկամին, մտածում էի ինչով օգնել, չեմ էլ հասցնի մեքենայով գնալ, ասեց, հա, գնացել ենք թափով, օգնել ենք, բայց դե, էդ հեչ։ Հարց. չէ, էլ ինչ հարց, սաղ պարզ ա»։