«44 օր զինվորն անձնուրաց կռվում էր, իսկ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում էին, որ Արցախը պարտվի». Արգիշտի Կիվիրյան
«Հայ զինվորը կռվում էր քաջարի, հայ զինվորը չուներ որևէ բարոյահոգեբանական խնդիր, ինչպես հիմա փորձում են ներկայացնել: Մինչև վերջ էլ հայ զինվորը քաջարի կռվեց, բայց ինքն անկարող էր հաղթել, որովհետև Հայաստանի իշխանությունները կամ դիտավորությամբ, կամ իրենց մոլագարությունից ելնելով՝ Արցախը տանում էին կապիտուլյացիայի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, որը պատերազմի ընթացքում շուրջ մեկ ամիս եղել է Արցախում:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները նախ չպետք է թույլ տային պատերազմ.
«Երկրորդ, վերջին շրջանում բոլորի համար պարզ էր, որ մենք գնում ենք պատերազմի, չնայած՝ արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո էր պարզ, որ լինելու է նոր լայնածավալ պատերազմ: Այս իշխանություններն ինչքան էլ փորձեն ինչ-որ մեղքեր գցել նախկինների վրա, ընդունենք, նախկինները ոչինչ էլ չէին արել, իրենք 2.5 տարի իշխանության էին, և 2.5 տարին լիովին բավարար էր զրոյից կառուցել ամեն ինչ: Իրականության մեջ և՛ Արցախի բանակցային փաթեթն է Փաշինյանին շատ լավ ձևով հանձնվել, և՛ պետություն ու բանակ, որում, իհարկե, կային բազմաթիվ խնդիրներ: Բայց եթե անգամ ո՛չ պետություն լիներ, ո՛չ բանակ, 2.5 տարում դու կարող էիր զրոյից անգամ բանակ սարքել: Իսկ իրեն ամբողջը տրվել է պատրաստի, ընդամենը մնում էր ինչ-որ խնդիրներ լուծել, այլ ոչ թե մի տուփ ելակ թափահարելով՝ մտնել պատերազմ, և ասել՝ քանի որ զինվորը հիմա ելակ է ուտում, ուրեմն՝ ամեն ինչ լավ է»:
Արգիշտի Կիվիրյանն առանձնացրեց բոլոր այն քայլերը, որոնք Հայաստանը չարեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ.
«Առաջինը՝ ՀՀ-ն փաստացի չարեց կենտրոնացված զանգվածային մոբիլիզացիա: Ինչ-որ անձինք մոբիլիզացվում էին, այդ ՄՈԲ-երն ուղարկվում էին Արցախ, այդ անձինք չէին հանդիսանում ռազմական լիարժեք միավորումներ, և փաստացի այդ անձանց, հազար ներողություն, ուղարկում էին՝ որպես թնդանոթի միս: Դու պետք է ստեղծես ռազմական միավոր, և որպես ռազմական միավոր՝ իրենց մտցնես ճակատամարտի մեջ: Փաստացի, մարդկանց տալիս էին ինքնաձիգներ և ուղարկում, օրինակ՝ Հադրութ: Հադրութում ՄՈԲ-ը լցված էր և ոչինչ չէր կարողանում անել:
Երկրորդ՝ Հայաստանը պետք է ռազմի դաշտ մտցներ ռազմական ստորաբաժանումները, կանոնավոր բանակը: Ադրբեջանը փաստացի պատրաստվել էր 21-րդ դարի պատերազմի, մեր զոհերի 80 տոկոսը եղել անկոնտակտ հարվածներից:
Հունիս ամսին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք ձեռք են բերել «Բայրաքթար» ԱԹՍ-ները, եթե նորմալ հետախուզություն ունենայինք, պետք է մինչ այդ իմանայինք դրա մասին, բայց հունիսին արդեն պաշտոնապես պարզ էր: 3-4 ամսում հնարավոր էր համապատասխան տեխնիկայի միջոցով լիարժեք փակել Արցախի օդը, այն, ինչ վերջին մի քանի օրում արվեց, չեմ ուզում բացել այդ փակագծերը՝ ոնց և ինչ մեթոդներով»:
Հայաստանը, ըստ նրա՝ պետք է կանոնավոր բանակը մտցներ, ինչը չի արվել. «Բազմաթիվ փորձագետներ վստահ են, որ, եթե անգամ հակառակորդը հասել էր Շուշիի մատույցներին, ընդամենը բավական է մեկ-երկու կորպուս, որպեսզի և՛ այդ տարածքը մաքրել, և՛ ընդհանրապես ողջ Արաքսի հովիտը վերածել ադրբեջանցիների եղբայրական գերեզմանոցի: Դա լրիվ բավարար էր, բայց ի՞նչ էր անում Հայաստանը: ՀՀ իշխանությունները հատուկ ձևով կանոնավոր բանակը մի կողմ թողած՝ ուղարկում էին ջոկատներ, խմբեր: Ես ասացի, որ Ադրբեջանը պատրաստվել էր 21-րդ դարի պատերազմի, իսկ մեզ մոտ 20-րդ դարի վիճակ էր, Նիկոլ Փաշինյանը այդ 20-րդ դարի վիճակն էլ դարձրեց 19-րդ դարի ֆիդայական շարժում, երբ կոչ էր անում ջոկատներ կազմել, գյուղապետեր, ՀԿ-ները ջոկատներ կազմեն և գնան պատերազմ: Դա նշանակում է, որ եղած կանոնավոր բանակը նա այդ օրերին փորձեց կազմաքանդել և դրանք դարձնել 19-րդ դարի ֆիդայական ջոկատներ և ուղարկել պատերազմ: Հենց դա էլ մենք տեսանք Արցախում»:
Նա նկատեց, որ դեռ արցախյան առաջին պատերազմին էին ՀՀ այն ժամանակվա իշխանությունները հասկացել, որ ջոկատներով անհնար է վարել պատերազմ. «Պետությունը լիարժեք պատերազմը վարում է միմիայն կանոնավոր բանակով, այլ ոչ թե ջոկատներով, կամավորներով: Եթե դու ուզում ես պատերազմը պարտվել, ապա կանոնավոր բանակը վերածիր ջոկատների, ինչը և արեց Նիկոլ Փաշինյանը:
Հենց այդտեղից է գալիս նաև իր կամ հանցավոր, կամ մոլագարի մտածելակերպը. Ցանկացած քաղաք պաշտպանում է կանոնավոր բանակը, իսկ այս մարդը ասում է՝ Գագիկ Ծառուկյանը իր ջոկատով չգնաց Շուշին պաշտպանելու, դրա համար Շուշին ընկավ:
Նա կարող է ցանկացած գործարարի հասցեին նույնը ասել: Դուք պատերացնո՞ւմ եք այս մարդու ասածի տրամաբանությունը: Դա նույնն է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ը վարում է պատերազմ Իրաքում, մեկ էլ ԱՄՆ նախագահը ասի՝ Բիլ Գեյթսը չգնաց իր ջոկատով, դրա համար արդյունավետ չեղավ սա: Սա մոլագարություն է: Դրա համար աշխարհը, որը վերլուծել է այս մարդու բոլոր ելույթները, իր հետ ո՞վ կնստի՝ որևէ բան կքննարկի: Հասկանում են, որ գործ ունեն խելապակասի հետ: Կենտրոնացած մոբիլիզացիա չկար, կանոնավոր բանակ չկար, ՀՀ իշխանությունները կամ դիտավորյալ քայլերով, կամ անգրագիտությամբ ամեն ինչ անում էին, որ Արցախը պարտվի: Այդ պարագայում ինչքան ուզում է զինվորը քաջարի կռվի, այո, մեր 18 տարեկան զինվորները, Արցախի բնակչությունն անձնազոհ ձևով կռվում էին, որևէ այլ բանակ անկարող էր այդպես կռվել, 44 օր զինվորը՝ առանց քնելու, պատերազմում էր, որովհետև փոխարինող չուներ՝ ՀՀ իշխանությունները չէին լուծում այս խնդիրները: Ոչ մի այլ ազգի զինվոր կարող է այսքան չձգեր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում