«Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված՝ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքներով». բախում Արման Բաբաջանյանի և Գաբրիել Բալայանի միջև
Երբ այսօր ԱԺ-ում քննարկման էր դրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հարակից զեկույցով հանդես եկավ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, իսկ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթ նշեց, թե պաշտպանական գերատեսչությունը, որ «ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին»:
Բաբաջանյանի պնդմամբ՝ պետք է տեղի ունեցածի համար պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչները ժամ առաջ խիզախություն դրսևորեն ու լքեն իրենց պաշտոնները ու թույլ տան «նոր, առողջ ու պրոֆեսիոնալ և մեր պետականությանն ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքի»:
«Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված, պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքներով»,- ասաց Արման Բաբաջանյանը՝ պատգամավորներին հիշեցնելով, որ երեկ Մարտակերտի 5 գյուղերի բնակիչներին ուղղակի ասել են, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը, ու պատասխան չկա:
Եզրափակիչ ելույթում Գաբրիել Բալայանը արձագանքեց անկախ պատգամավորին, շեշտելով, թե կարելի է քարտեզ նայել ու տեսնել, որ այսօրվա Մարտակերտի գյուղերը նախկինում «Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնք վերջին վարչատարածքային բաժանումով Արցախի Հանրապետության եղել են Մարտակերտի շրջանում»:
«Պետք չի չհիմնավորված հայտարարություններ անել:
Ինչ վերաբերում է էդ Ձեր որակումներին, կխնդրեմ, որպեսզի մնաք ավելի էթիկայի կանոնների շրջանակներում և մեղադրանքներ հնչեցնելուց հստակ, եթե իրավաբանական էդքան գիտելիք չունեք, ես Ձեզ խոստանում եմ օժանդակել, հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք իրավապահ մարմիններին՝ կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելով՝ «մաֆիոզ, կլանային և այլն»: Ամպագոռգոռ բառեր հնչեցնելը….»,- նշեց Բալայանը:
ՊՆ փոխնախարարը չէր ավարտել իր ելույթը, երբ Արման Բաբաջանյանը սկսեց պատգամավորական իր տեղից, ընդհատելով զեկուցողին՝ առանց խոսափողի բղավել՝ «դու չպիտի ասես՝ ես ինչ պիտի ասեմ»:
«Կարող ա գաք էստեղ խոսեք»,- հակադարձեց Բալայանը:
«Պետք լինի՝ կխոսեմ»,- արձագանքեց Բաբաջանյանը:
«Դե եկեք խոսեք, ես կսպասեմ, կարձագանքեմ: Եկեք խոսեք, ես հետո կարձագանքեմ… որևէ մեկը պատասխանատվությունից չի… Տիկին Նազարյան, խնդրում եմ, կարգի հրավիրեք պատգամավորին»,- հավելեց Բալայանը:
«Չափերդ ճանաչիր»,- վրդովվեց Բաբաջանյանը, ապա վերցրեց հեռախոսը՝ հավանաբար ինչ-որ բան նշելու համար:
Լենա Նազարյանի հորդորները տեղ հասան, պատգամավոր Արման Բաբաջանյանը լռեց:
«Իմ չափը ճանաչելու հետ կապված, կարծում եմ՝ էստեղ պետք չի դրա մասին խոսել: Դուք Ձեր չափը ճանաչեք… Դեռ եթե ես սկսեմ Ձեր նկրտումների մասին…»,- ՊՆ փոխնախարարի խոսքը բերանում՝ Բաբաջանյանը կրկին որոշեց արձագանքել:
Ապա մյուս պատգամավորները հորդորեցին կողմերին լռել:
«Ես էդքան բարեկրթություն ունեմ հարգելու պատգամավոր գործընկերներին: Ես ևս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում, և նորից իմ ծառայություններն եմ առաջարկում Ձեզ՝ օժանդակելու իրավապահ մարմիններին ներկայացնելու հաղորդում հանցագործության մասին… անվճար»,- ելույթը եզրափակեց Գաբրիել Բալայանը: