«Նիկոլ, գոնե առաջնագծում կանգնածին իմ ու քո մի արա, մի արա». Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց, որ այսօր շատերը չեն կարողանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել, այդ պատճառով էլ դիմում են գրում, «թքում ու հեռանում» են։
«Ամենավերջին հայտարարությունը ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարինն էր, որը շատ սուր տողատակերով ասաց, որ այդ մարդն անկանխատեսելի է, էքսցենտրիկ է, վայրկյանի տակ կարող է մեկի որոշումը փոխել, մեկին գործից հանել, այդպես օրերս նա ԱԺ-ում արտգործնախարար էր գործից ազատում»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Նա նաև հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբր իրեն սատարող կամավորականերին հորդորել էր չգնալ Կառավարության շենքի մոտ, բայց այսօր երբ նրանք հավաքվել էին այնտեղ, նրանց դիմավորում է հենց Նիկոլ Փաշինյանը։
«Ամոթ է, ամոթ, Շիրակում արդեն բոլորը գիտեն, թե ինչպես են բոլորին կանչել, «ֆորմաներ» տվել ու ասել՝ գնացեք Երևան, մարդիկ արժանապատիվ են եղել ու հրաժարվել են, Նիկոլ, գոնե առաջնագծում կանգնածին իմ ու քո մի արա, մի արա, մի արա, հայրենիքը քոնը չէ, ով առաջնագծում է եղել՝ բոլորինն է»,- հավելեց նա։
Նա նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը գողացել է հայրենիքը, ազատամարտիկների պայքարի արդյունքը, Շուշին և հավաքվածներից շատերի երեխաներին, եղբայրներին։