«ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության». Փաշինյան

Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ  անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քանի հարցադրումներ հղեց՝ առավոտյան նրա կողմից Ֆեյսբուքում հրապարակած ճանապարհային քարտեզի վերաբերյալ:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ վարչապետն արդյոք պատրաստվո՞ւմ է այդ աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների, կառավարության անդամների փոփոխություն ասելով՝ հատկապես ո՞ր ոլորտներին են առնչվելու այդ փոփոխությունները, և արդյո՞ք նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ ևս:

«Արդյո՞ք կարծում եք, որ ձեր քաղաքական թիմն ունի անհրաժեշտ վստահության պաշարը՝ այդ փոփոխություններն իրականացելու, փոփոխություններ, որոնք վերաբերում են տնտեսական ակտիվության առողջացմանը, ժողովրդագրական խնդիրներին, որոնք նշված էին Ձեր ճանապարհային քարտեզում»,- հավելեց Արման Բաբաջանյանը:

Ի պատասխան՝ վարչապետը նկատեց, որ, ինչպես տեքստում գրված է, իրենց համար կարևոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը. «Այսինքն՝ կայունությունը, անվտանգությունը և երաշխավորությունը, որ իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորությանը և իրավունքին ոչինչ չի սպառնում:  Դա մեր կարևոր առաջնահերթությունն է, և երկրորդ ուղղությունը՝ պատերազմի հետևանքների վերացումը: Վեց ամիս հետո՝ այսինքն՝ 2021 թ. հունիսին,  մենք կամփոփենք կատարված աշխատանքները և, ըստ այդմ, կորոշենք  հետագա անելիքները:

Ինչ վերաբերում է ձեր հարցի մնացած հատվածին՝ ես կարող եմ ասել հետևյալը՝ ինչպես նախկինում եմ ասել, բազմիցս, հիմա էլ կարող եմ ասել, որ աշխարհում ոչ մի կամ առնվազն Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության:

Ես սա ասել եմ միշտ և հիմա էլ եմ կարծում այդպես, և այդպես լինելու է միշտ, և մենք այսօր կենտրոնանում ենք, կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա»:

Անդրադառնալով կառավարության կազմի փոփոխություններին՝ վարչապետը նշեց. «Հիմա քննարկումների շրջան է. բնականաբար, այդ որոշումները կհրապարակվեն, երբ որ դրանք կայացվեն»:

«Կարող է՞ տեղի ունենան նաև կառուցվածքային փոփոխություններ, և արդյո՞ք Դուք պատկերացնում եք ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը ևս կարող է երկրում ստեղծված իրավիճակի, այս իրողությունները հաշվի առնելով նաև, հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել»,- հարցրեց Արման Բաբաջանյանը:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան տեղեկացրեց, որ այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում, ապա հավելեց. «Իսկ ընդհանուր առմամբ, շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետև միշտ չէ, որ կառավարությունների ձևավորմամբ՝ համաձայնության վերնագրի ներքո, ձևավորվում է համաձայնության մթնոլորտ:

Մեր խնդիրն է՝ հիմա ձևավորել համաձայնության մթնոլորտ, և կարծում եմ, որ այդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն և անվտանգություն: Եվ մեր հանրության ըմբռնումները, պահվածքը և դիրքորոշումը դրա ամենավառ ապացույցն են, և,  ինչպես առաջին օրից ասել եմ (նոյեմբերի 10-ից ասել եմ), այսօր էլ ասում եմ, որ կայունությունը և անվտանգությունը, որոնց նպատակը խորքային ժողովրդավարության երաշխավորումն է, մեր առաջնահերթությունն է, և մենք, այո՛, ունենք բավարար ներուժ՝ այդ հարցը լուծելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս