Կոչ իրավապահներին. Վնասազերծել հրոսակներին և կազմակերպիչներին

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում, որոնց համազգեստ և զենք է տրամադրվում՝ ընդդիմության դեմ գործածելու և առհասարակ՝ իշխանության հակառակորդներին պատժելու նպատակով (հայտարարությանը կցվում են համապատասխան լուսանկարներ)։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հավանական է նաև, որ իշխանությունների կողմից ստեղծված հրոսակախմբերը հրահրեն տարբեր սադրանքներ՝ երկրում ստեղծելով հաշվեհարդարի մթնոլորտ։

Անհանդուրժողականության և ինքնիրավչության այս իրավիճակը խիստ մտահոգիչ է և կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Սա կարող է բերել ծանրագույն հանցագործությունների և քաղաքացիական բախումների։

Այս պայմաններում դիմում ենք իրավապահ համակարգի պատասխանատու մարմիններին՝ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը` կոչ անելով քննության առարկա դարձնել մամուլում հրապարակված տեղեկատվությունը, իրավական գնահատական տալ հրոսակախմբերի ստեղծման գործընթացին, միջոցներ ձեռնարկել դրանց վնասազերծման և կազմակերպիչների հայտնաբերման ու մեկուսացման համար /հավատարիմ մնալով Ոստիկանության մասին օրենքի 2-րդ և Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 2-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին/։

Հակառակ պարագայում ծանրագույն հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու են իրավապահ համակարգի պատասխանատու մարմինները։  Հայաստանում իշխանությունը չի կարող պահպանվել անօրինական խմբերի միջոցով։

Իրավական համակարգի ողջամիտ գործողություններից է կախված՝ մեր երկրում կպահպանվե՞ն իրավական պետության հիմքերը, թե՞ մենք կզիջենք փողոցային հաշվեհարդարներին և սադրանքներին։

Հայաստանում իշխանության փոփոխությունը և բոլոր քաղաքական պրոցեսները պետք է լինեն խաղաղ, օրինականության շրջանակներում և սահուն։

Էլինար Վարդանյան – Այլընտրանքային նախագծեր խումբ

Լարիսա Ալավերդյան – Մարդու իրավունքների առաջին պաշտպան

Ավետիք Իշխանյան – Հայաստանի հելսինկյան կոմիտե

Արփինե Հովհաննիսյան – «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ

Գևորգ Դանիելյան –իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սիրանուշ Սահակյան – «Իրավական ուղի» ՀԿ

Գոհար Մելոյան – Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն

Ռուբեն Մելիքյան – «Իրավական ուղի» ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան

Զարուհի Փաստանջյան – փաստաբան

Արծրուն Պեպանյան – քաղաքագետ

Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ

Սերժ Սրապիոնյան – գրականագետ

Տեսանյութեր

Լրահոս