«Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում». Դավիթ Տոնոյան

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցոդրումներ ուղղեց անհետ կորածներին առնչվող խնդիրների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Բավականին թվով անհետ կորածներ ունենք, և, ցավոք սրտի, շատ դեպքերում  անհետ կորածները նաև ընտանիքի միակ կերակրողներն են: Ուզում եմ խոսել այդ ընտանիքների սոցիալական երաշխիքների մասին:

Փաստացիորեն, մինչ կարգավիճակի ճշտումը այս մարդկանց ընտանիքները սոցիալապես խոցելի են դառնում և, ինչպես գիտեք, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի շահառու դառնալու գործընթացը բավականին երկար է՝ կապված հենց իրենց անհայտ ճանաչելու առիթով:

Գիտեմ, որ որոշակի գործընթացներ նախատեսվում էին օրենսդրական բարելավման մակարդակում, արդյոք փոփոխություններ կա՞ն, և ի՞նչ դիտարկումներ ունեք այստեղ»:

Ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը սերտորեն աշխատում է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումների հետ.  «Լայնածավալ աշխատանքներ են կատարվում նաև ճշգրտման առումով: Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, որովհետև ճշգրտման արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք որ ողջ-առողջ են, և ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել»:

Նախարարը նշեց, որ, թեև հանդես են եկել օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ, սակայն հնարավոր համարեց նաև որոշակի շտկումներ, որոնք հնարավորություն կընձեռեն օգտվել թե՛ պետբյուջեի, թե՛ հիմնադրամի հնարավորություններից. «Քանի որ իրականում հարուցված քրեական գործերը բավականին մեծածավալ են, և համապատասխան կառույցները չեն հասցնում համապատասխան կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ տեղեկություններ տրամադրել»:

Պատգամավորը խոսեց նաև օրենսդրությամբ նախատեսված ժամկետների մասին՝ հետևյալ դիտարկմամբ. «Եթե դատական կարգով պետք է անհայտ բացակայող ճանաչեն, անհետ կորած անձանց հետ կապված, կարծում եմ, որ պետք է ժամկետների կրճատում լինի:  Արդյոք ձեր գերատեսչության համար սա ընդունելի՞ տարբերակ է»:

Ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանը ասաց. «Ժամկետների կրճատման հետ կապված ես հիմա շատ կոնկրետ չեմ կարող պատասխանել, բայց ամեն ինչ արվել է, որպեսզի այն ընտանիքները, որոնք որ կորուստներ ունեն, շատ արագ ունենան պետական աջակցություն՝ ինչպես պետական, այնպես էլ՝ հիմնադրամի կողմից:

Շատ յուրահատուկ իրավիճակ է, մենք ամեն ինչ անում ենք, որ իրավիճակում փոփոխություն կատարվի՝ նաև օրենքի հետ կապված հարցերում, բայց կարծում եմ՝ կառավարության որոշումներով մենք կշտկենք այդ խնդիրը»:

Տեսանյութեր

Լրահոս