«Նախիջևանում և Իգդիրում թուրքական զորքը պատահական չի կուտակվում. կհարձակվեն Հայաստանի վրա». Արտաշես Գեղամյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանը նշեց, որ այդ ճանապարհային քարտեզի 15 կետից յուրաքանչյուրի բովանդակությունը հասկանալու համար նախ պետք ճշտել՝ արդյո՞ք դրանք կետեր չեն՝ ուղղված հենց այն բոլոր թերությունների հետևանքների հաղթահարմանը, որոնք թույլ են տրվել հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում։

«Փաշինյանի գիտելիքները շատացա՞ն այս 40 օրերի ընթացքում, թե՞ փորձառությունը ավելացավ, թե՞ իրեն սնուցող փողերը կրճատվեցին։ Փաշինյանի այս 15 կետերը իրենց բովանդակությամբ հիմնականում կրկնում են այն, ինչ կար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցի մեջ, և սա պատահական չէ։ Սա միջոց է, որով փորձում է հասկացնել, թե տես՝ Դուք գիշերը հարցազրույց տվեցիք, ես էլ ճանապարհային քարտեզ հրապարակեցի։ Նա ուռճացնելու է այն, որ Պուտինն ասաց, որ միջպետական հարաբերությունները նորմալ են»,- ասաց Արտաշես Գեղամյանը։

Ըստ Արտաշես Գեղամյանի՝ Հայաստանն այսօր կանգնած է արհավիրքի առաջ, և որևէ ճանապարհային քարտեզ չի կարող վիճակը փրկել, քանի դեռ այդ արհավիրքի պատճառն արմատախիլ արված չէ։

«Փաշինյանի օրոք, բացի նորանոր փորձություններից, հայ ժողովրդին որևէ լավ բան չի սպասվում, նա արհավիրք և վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Հասել ենք այն վիճակին, որ մեր հիմնական ռազմական դաշնակցի՝ ՌԴ-ի հիմնական հեռուստաալիքների քաղաքական երանգ ունեցող հաղորդումների ժամանակ են անգամ ասում՝ «այդ դավաճանը», «այդ սրիկան»»,- ասաց Գեղամյանը։

Նրա փոխանցմամբ՝ Փաշինյանի առաջ շատ պարզ խնդիր է դրված նրան կառավարողների կողմից՝ Արցախը հանձնելուց հետո Հայաստանի ներսում պետք է հրահրել քաղաքացիական բախումներ։

«Խնդիր է դրված՝ հիմա էլ տանել երկիրը քաղաքացիական բախումների, որի ժամանակ ի կատար կածվեն Թուրքիայի բաղձալի նպատակները։ Իգդիրում և Նախիջևանում թուրքական զորքը պատահական չի կուտակվում։ Հարձակում կանեն Հայաստանի վրա, բնականաբար, Ռուսաստանը կփորձի դրա առաջն առնել, բայց չէ՞ որ երեք ճակատով Ռուսաստանը չի՛ կարող դրա դիմացն առնել՝ մի ճակատը բացված է Արցախում, մյուսը՝ Նախիջևանի տարածքն է, 3-րդ կողմից՝ Դոնբասն ու Լուգանսկն է, որն առաջիկայում պայթելու է»,- ասաց Արտաշես Գեղամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս