Եթե առաջիկա ժամանակաշրջանում չգտնվի լուծում, ապա վարչապետի թեկնածուն առաջադրվելու է դրսից. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միանշանանկ է, որ իշխանությունն այդպես էլ չի հասկանում ինչի մեջ է խրվել եւ անհույս դիմադրում է։ Եթե ելնենք այն տրամաբանությունից, որ բոլորը (բացառությամբ իշխանության որոշ ներկայացուցիչներ ու տարբեր կողմերում գտնվող այլ վտանգավոր խմբեր) ցանկանում են առանց քաղաքացիական բախումների հասնել հանգուցալուծման, ու նաեւ հաշվի առնելով, որ միակ ակտիվ հրաժարական պահանջող միտինգներում այդպես էլ կիրիտակական զանգված չի հավաքվում, ապա մեզ որպես հասարակություն մնում է փորձել նոր խմբերի մոտ հրաժարականի պահանջի եւ դրա հետեւանքների վերաբերյալ պատկերացումները փոխել։

Այսպիսով, հոգու խորքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները որոնք դեռ ունեն նախկինների նկատմամբ վախեր (ֆոբիաներ), հրաժարականի գաղափարին համաձայնվելուց հետո հնչեցնում են նույն ստանդարտ հարցը՝ բա ո՞վ լինի Նիկոլի տեղը։

Իհարկե, անուններ նշելն ամենաանշնորհակալ գործն է, հատկապես այս դեպքում, երբ ցանկացած համաձայնվող յուրօրինակ հայկական կամիկաձե է կարող է համարվել։ Սակայն ես փորձեմ ամեն դեպքում մտնել նման “վտանգավոր կածան”, մի քանի գաղափարներ շրջանառել, առանց հավակնելու, որ դրանք ամենալավ տարբերակներն են։ Ավելին չեմ կաշկանդվի անունները հնչեցնելուց հետո հայտնի մի քանի խմբերի կողմից պիտակավորվելուց, քանի որ արդեն բանը բանից անցել է ո խոշոր հաշվով այդ նույն խմբերի կարծիքների վրա թքած ունեմ։
Կարծում եմ արդեն նախանշվում է ժամանակավոր (կամ համաձայնության, կամ փրկության) կառավարությունը պաշտոնավարելու է մինչեւ արտահերթ ընտրությունները, որի ժամկետները տատանվում են 6-12 ամիսների միջակայքում։

Առաջարկում եմ հենց այս էտապում ֆիքսել, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չպետք է առաջադրվի գալիք արտահերթ ընտրություններում, ուստի իր պաշտոնավարման ընթացքը չպետք է դիտարկի իր հետագա քաղաքական կարիերայի մաս ու քարոզչական ինչ որ պրոցեսներում ներգրավվի։

Իմ կարծիքով, հաշվի առնելով ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական ծանր վիճակն ու մարտահրավերները, ժամանակավոր վարչապետի թեկնածուներն են կարող համարվել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, նախագահ Արմեն Սարգսյանը (իհարկե հետո պետք է մտածել ով է դառնալու նախագահ), նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Այս ցանկին կարող եք ավելացնել Ձեր թեկնածուն մեկնաբանության տեսքով։

Եթե մեզ այդպես էլ չի հաջողվում համաձայնության գալ այս թեկնածուների շուրջ, մեզ մնում է ձեւավորել ինչ որ մարմին, որին կվերապահվի ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Հաշվի առնելով կուսակցությունների նկատմամբ առկա անվստահությունը կարծում եմ կարող ենք քննարկել երկու ձեւաչափ։

Առաջին ձեւաչափում 17 կուսակցություններին (կամ նրանց ակտիվ մասին) միանում են վերջին խորհրդարանական ընտրությունների մասնակցած եւ 1%-ը գերազանցած կուսակցությունները (կամ 10 ամենաշատ ձայներ հավաքածները, որի արդյունքում Քաղաքացիական որոշումն է միանում Օրինաց երկրի հետ)։ Այդ շրջանակում շատ արագ քվերակությամբ (եւ ոչ կոնսենսուսով, որ արագ լինի) որոշվում է վարչապետի թեկնածություննը (ոչ պարտադիր իր կազմից) ու արդեն որպես հանրային պահանջ ստիպում Իմ քայլին ընդունել այդ թեկնածությունը։ Եթե չեն կարողանում ինչ որ սահմանված ժամկետում ընտրել, ապա վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոններ զբաղեցնող անձինք ռոտացիոն կարգով պաշտոնավարում են մինչեւ ընտրություններ, ինտենսիվ կերպով տեղյակ պահելով միմյանց բոլոր գործընթացների մասին։

Եթե այս լուծումը շատ բարդ է թվում ու նույնիսկ այս նեղ պահին չեն միանում մեր կուսակցությունները, չնայած ես իրատեսական եմ համարում, ապա առաջարկում եմ մեկ այլ, էլ ավելին համախմբող, պարզ բայց նաեւ շատերի “վախերը չափելու” լուծում։

Որպես աննախադեպ համախմբող երեւույթ, ստեղծվում է նախկին նախագահների եւ վարչապետերին ներառող (տաս հոգանոց) խորհուրդ, որին է վերապահվում հիմնական կուսակցությունների հետ քննարկումների արդյունքում ձեւավորել նոր կառավարությունը։ Վարչապետի դեպքում համաձայնության չգալու դեպքում, կարող են կիրառել նշածս ռոտացիոն սկզբունքը։

Կարծում եմ, սրանով մենք նաեւ մի կողմ կդնենք տասնամյակներով հանրային դաշտում եղած թույնը։ Իհարկե սա չի նշանակում, որ որեւէ մեկն ազատվում նախկինում գործած հանցանքներից, սակայն դա թողնում ենք նորմալ իշխանություն ունենալու լուսավոր ժամանակներին, երբ երկրի ղեկավարի իդեաֆիքսը հներին նստացնելը չի լինի՝ դրանով փորձելով իր մերկությունը ծածկել։

Այստեղ պետք է ֆիքսել մի քանի կարեւոր սկզբունքներ եւս։

1. Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չպետք է մասնակցի որեւէ քաղաքական գործընթացի, Քաղաքացիական պայմանագրի արտահերթ ընտրություններին մասնակցության հարցը կարելի է քննարկել ժամանակավոր կառավարության աշխատանքի ընթացքում խմբակցության պահվածքի արդյունքում։

2. Ժամանակավոր կառավարությունը պարտավոր չէ փոխել կառավարության ողջ կազմը, բայց ուժային կառույցների, ԱԳՆ, արցախցիներին աջակցելու մասով պատասխանատու մարմինների մասով աշխատանքները պետք է լինեն առաջնային։

3. Կապիտուլացիայի եւ պատերազմի վերաբերյալ բոլոր քննող գործընթացները պետք է սկսվեն նոր ազգային ժողովի ձեւավորումից հետո։

Կարծում եմ բոլորը, այդ թվում 17 կուսակցությունները, ու նրանց չմիացած մոտ 5 կուսակցությունները, գիտակցում են, որ առանց երկխոսության հնարավոր չէ հանգուցալուծել այս խնդիրը։ Եթե առաջիկա ժամանակաշրջանում չգտնվի լուծում, ապա վարչապետի թեկնածուն առաջադրվելու է դրսից, կամ «Իմ քայլը» անելու է հերթական ոչ խելամիտ քայլը էլ ավելի մոտեցնելով մեզ քաղաքացիական բախումների՝ վերջնականապես քայքայելով մեր երկիրը»։

Տեսանյութեր

Լրահոս