«Ի գո՛րծ» ազգային համախմբման նախաձեռնության հայտարարությունը
Հարգելի հայրենակիցնե՛ր և համայն հայությու՛ն,
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի համար ստեղծվել է ծանր դրություն: Վտանգված է հայրենիքի գոյությունը: Բայց մենք դեռևս հնարավորություն ունենք դուրս գալու այս իրավիճակից, պահելու մեր պետությունը և փրկելու մեր արժանապատվությունը:
1. Առաջին հերթին պետք է արձանագրենք հետևյալ իրողությունները:
1. Հայկական իշխանություններն ընդունել են իրենց կապիտուլյացիան, որն այս պահին իրագործվում է։
2. Ունենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, հաշմվածներ, տեղահանվածներ, մեծ թվով ավերված բնակավայրեր, կորցնում ենք Արցախի Հանրապետության տարածքի մեծագույն մասը։
3. Պարտությունը կարող է կոտրել մեր ժողովրդի ողնաշարը, ինչը սոցիալ-հոգեբանական շատ ծանր հետևանքներ կունենա։
4. Պարտությունը տնտեսական լրջագույն հետևանքներ է առաջացնելու։
5. Հայաստանի նախկին և ներկա ոչ մի իշխանություն ի վիճակի չէ համախմբել ժողովրդին և դիմակայել երկրի առաջ ծառացած մարտահրավերներին։
6. Կապիտուլյացիայի հայտարարությունը պառակտել է հանրությանը, իրավիճակը հղի է քաղաքացիական բախումների վտանգով։
7. Կապիտուլյացիայի հայտարարությունը ոչ միայն խաղաղության երաշխիք չէ, այլև նոր ու էական սպառնալիք է հայրենիքի անվտանգությանը:
Անհրաժեշտ է գիտակցել, որ այս իրավիճակից ելքը կախված է ոչ թե կոնկրետ անձից, այլ բոլորիս համախմբումից:
2. Պարտության հիմնական պատճառները։
Պարտության պատճառներն առաջին հերթին երկրի ներսում են: Ոչ մի այլ երկիր պատասխանատու չէ և չի կարող լինել մեր անվտանգության համար: Հիմնական պատճառն այն է, որ երկրի բոլոր ղեկավարները վարել են տնտեսական, ռազմական, արտաքին, կրթական, սոցիալական սխալ քաղաքականություն: Ոչ իրատեսաբար է գնահատվել երկրի ներքին սոցիալ-քաղաքական ու տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը։
Մասնավորապես․
• Բնակչությունը չի նախապատրաստվել պատերազմի ո´չ զինվորական-զորահավաքային պատրաստվածության, ո´չ հոգեբանական, ո´չ կրթական տեսակետից:
• Մեր տնտեսությունը կառուցվել է սխալ գաղափարախոսության վրա, որը հանգեցրել է տնտեսական ոլորտում ահռելի կոռուպցիայի և կարգավորման բացակայության։
• Պետական կառավարման անարդյունավետ և կոռումպացված համակարգը հանգեցրել է պաշտպանական կարողությունների նվազմանը։
• Տարիների ընթացքում նվազել է երկրի գիտական ներուժը:
3. Հետագա անհրաժեշտ քայլերը։
1. Մարտունակ բանակի ստեղծում, զինվորական ծառայության, զորահավաքի և պահեստազորի պատրաստության արմատական բարեփոխում:
2. Մոբիլիզիացիոն տնտեսության կառուցում՝ պետության լուրջ ներգրավվածությամբ, պետության անվտանգային կարիքները դնելով տնտեսության առանցքում (ռազմական արդյունաբերության գերակայություն) և լայնորեն քարոզելով ու կիրառելով կամավորական աշխատանքները:
3. Կրթության և գիտության կառավարման համակարգի ու փիլիսոփայության արմատական վերանայում:
4. Ոչ արդյունավետ պետական կառավարման համակարգի արմատական վերանայում, վերահսկողության ու պատասխանատվության մեխանիզմների կիրառում։
5. Իրատեսական արտաքին քաղաքականության իրականացում՝ հիմքում ունենալով ազգային-պետական շահերի և միջազգային ու տարածաշրջանային գործընթացների համադրումը։
6․ Ժողովրդագրական խնդիրների վերհանում և բարելավման քաղաքականության մշակում:
7․ Հասարակական բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում՝ «սև ու սպիտակ» տարբերակումների վերացմամբ և ազգային համընդհանուր նպատակների քարոզմամբ։
8. Հայրենիք-սփյուռք հարաբերությունների իրատեսական ըմբռնում և վերաիմաստավորում:
Այս քայլերի (որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է առանձին ծրագիր և ռազմավարություն) իրականացման արդյունքում մենք հնարավորություն կունենանք ապահովելու մեր հայրենիքի հնարավորինս պաշտպանված լինելը և հինգ տարուց ունենալու կենսունակ պետություն:
Արձանագրենք, որ կապիտուլյացիա ստորագրած անձը չի կարող լինել պետության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար։
26 տարիների ընթացքում մեր հաղթանակը վերածվեց պարտության: Այժմ պետք է պարտությունը վերածենք հաղթանակի:
Հարգելի՛ հայրենակից, կոչ ենք անում լինել ակտիվ և միանալ այս նախաձեռնությանը:
Մեր նախաձեռնությունը չի ներկայացնում ոչ մի քաղաքական առկա ուժի: Այս հայտարարությունը բաց է ստորագրության համար:
Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու միակ ելքը բոլորիս ամենօրյա աշխատանքն է, համախմբվածությունը և հստակ ծրագրի իրագործումը:
Ի գո՛րծ:
1. Կարին Տոնոյան, մանկավարժ, լրագրող
2. Արսեն Ջուլֆալակյան․ միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, սպորտի վաստակավոր վարպետ
3. Շամամ Գևորգյան, բիզնեսի զարգացման մասնագետ,
4. Վահե Հովհաննիսյան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
5. Մովսես Դեմիրճյան, փիլիսոփայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
6. Ալեն Ղևոնդյան, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու
7. Գևորգ Էմին-Տերյան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու,
8. Արթուր Ավագյան, բժիշկ, գենետիկ,
9. Լևոն Հովսեփյան, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
10. Մանե Թորոսյան, հանրային կառավարման մասնագետ, ԵՊՀ շրջանավարտ,
11. Արմեն Եղոյան, միջազգայնագետ, ԵՊՀ շրջանավարտ,
12. Արշալույս Գալստյան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
13. Արսեն Թավադյան, փաստաբան, իրավագիտության թեկնածու, դոցենտ,
14. Սամվել Ամիրխանյան, ռեժիսոր, վավերագրող,
15. Արմեն Խաչիկյան, սոցիոլոգ,
16. Սայադ Բադալյան, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու,
17. Էմիլ Մելիք-Վրթանեսյան, գործարար, իրավագետ,
18. Մենուա Սողոմոնյան, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու,
19. Անահիտ Նալբանդյան, միջազգայնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու,
20. Նորայր Գևորգյան, մաթեմատիկոս,
21. Արմեն Սարգսյան, փիլիսոփայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ,
22. Սաթենիկ Ավետիսյան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
23. Վահագն Դալլաքյան, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու,
24. Լիանա Սարգսյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
25. Նարեկ Հարությունյան, աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
26. Ֆրունզ Հարությունյան, գինեգործ,
27. Նաիրա Երիցյան, ֆինանսական կառավարման մասնագետ,
28. Աղասի Թավադյան, տնտեսագիտության թեկնածու