«Ղարաբաղի չճանաչելը, այդ թվում Հայաստանի կողմից, իր հետքն է թողել զարգացումների ընթացքի վրա»․ Պուտինը Ղարաբաղի չճանաչման հարցի վերաբերյալ մի շարք ակնարկներ է հնչեցրել
«Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը լուծված չէ, այո, նման խնդիր գոյություն ունի»,-այս մասին այսօր Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ընթացող համաձայնությունների վերաբերյալ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակի հարցին։
Նա տեղեկացրել է, որ պայմանավորվել են պահպանել ստատուս քվոն՝ այսօր առկա իրավիճակը։ «թե ինչ կլինի հետո՝ դա պետք է լուծվի ապագայում կամ ապագա ղեկավարի կողմից, այդ գործընթացի ապագա մասնակիցների կողմից, բայց, իմ կարծիքով, եթե բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծվեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերություններ վերականգնվեն, մարդկանց միջև կենցաղային մակարդակով, հատկապես հակամարտության գոտում, ապա դա կստեղծեն պայմաններ նաև Ղարաբաղի կարգավիճակի համար»,-հստակեցրել է ՌԴ նախագահը։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճանաչման-չճանաչման հարցին, որպես անկախ, ինքնուրույն պետություն, ապա, Պուտինի խոսքով, այստեղ դա կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց դա եղել է էական գործոն և Ղարաբաղի չճանաչման հարցը, այդ թվում Հայաստանի կողմից, էականորեն իր հետքն է թողել զարգացումների ընթացքի և ընկալման վրա։ «Այստեղ պետք է ուղիղ խոսել, ժամանակին վրացական իշխանությունների անկասկած հանցագործ գործողություններից հետո, նկատի ունեմ Հարավային Օսեթիայում մեր խաղաղապահներին հարվածելը, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիան և Աբխազիան։ Մենք արդարացված ճանաչեցինք Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը և նրանց ձգտումը վերամիավորվել Ռուսաստանի հետ, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, մենք դա արեցինք բաց կերպով։ Ինչ որ մեկին գուցե դա դուր գա կամ դուր չգա, բայց մենք դա արեցինք այն մարդկանց շահերից ելնելով, որոնք ապրում են այնտեղ և ողջ Ռուսաստանի շահերից ելնելով, և մենք չենք ամաչում այդ մասին ուղիղ խոսել։ Ղարաբաղի դեպքում դա չարվեց և դա, իհարկե, էականորեն ազդեց այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա»,-ակնարկեց ՌԴ նախագահ Պուտինը։