«ԿԳՄՍ նախարարը՝ որպես գիտությունների թեկնածու, պետք է դիրքորոշում հայտնի, թե ո՞նց է վերաբերվում ստորագրված փաստաթղթին». Միհրան Հակոբյան

Այսօր ԿԳՄՍՆ հարակից տարածքից բերման ենթարկվածներին Ոստիկանության Կենտրոնի բաժին աջակցելու էր եկել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը: Նա նշեց, որ գործող իշխանության բոլոր անդամները պետք է հրապարակային ասեն՝ համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն այն փաստաթղթին, որը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ ներկայիս, դեռևս իշխանությունները, դավաճանական իշխանությունները կարծում են, որ իրենք կարող են փակել մարդկանց բերանները, մարդկանց լռեցնել այս մեթոդներով՝  կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ, ռազմական դրության անվան տակ, տարբեր հիմարագույն որոշումներով, բայց վստահեցնում եմ, որ դա չի ստացվելու, չի ստացվելու, որովհետև հայ ժողովուրդը չի ներելու այս դավաճանությունը: Այս դավաճանությունը, այս փաստաթուղթը ստորագրած մարդիկ և դրա հետ համաձայն բոլոր մարդիկ պատասխան են տալու երկնային և երկրային դատարանների առջև»,- ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս պետք է հրապարակային կարծիք հայտնի, որ գիտակրթական հանրույթն էլ իր վերաբերմունքը ցույց տա նրա նկատմամբ:

«ԿԳՄՍ նախարարը պետք է պատասխանի կրթության համակարգի աշխատակիցներին, պետք է պատասխանի կրթության համակարգի պատմաբաններին՝ ինքը համակարծի՞ք է, ինքն այս ստորագրությունն ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում, եթե չի ընդունում, ապա ինչո՞ւ է մինչև հիմա նախարարի պաշտոնում, եթե ընդունում է, պետք է  դրա մասին հրապարակային խոսի, հրապարակային ասի, որ հասարակությունն էլ իր վերաբերմունքը ցույց տա, իր դատաստանին արժանացնի սույն մարդուն, ով համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, գիտությունների թեկնածու է: Հայաստանում, աշխարհում չկա մի պատմաբան, որ այս դավաճանական փաստաթուղթը, կապիտուլյանտների փատաթուղթը կարող է արդարացնել: Մենք հայրենիք ենք կորցրել, հայրենիքը կորցնելուց հետո այս մարդիկ րոպեներ, ժամեր շուտ պետք է հրաժարական տան և հեռանան,  մարդիկ, ինչ-որ խումբ կարողանան, փորձեն իրավիճակ շտկել, դա էլ չեն անում: Ենթադրում եմ, որ կա դավաճանությունը մինչև վերջ տանելու, երկիրը մինչև վերջ հանձնելու, մինչև վերջ Արցախը հանձնելու հստակ պայմանավորվածություն, հստակ առաջադրանք, որն իրենք փորձելու են մինչև վերջ իրականացնել»,- ասաց Հակոբյանը:

Հարցին, թե ի՞նչ կփոխի, եթե ԿԳՄՍ նախարարը հրապարակային կարծիք հայտնի, հասարակական-քաղաքական գործիչը պատասխանեց.

«Իրենք պետք է «բներից» դուրս գան, և ժողովուրդը պետք է դավաճաններին դեմքով ճանաչի, որովհետև նա, ով արդարացնում է Նիկոլ Փաշինյանին, նա, ով համարում է, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած է, ինքը նույն դավաճան ստահակն է, նույն ստոր արարածն է, ով այս երկիրը բերեց-հասցրեց այս իրավիճակին, որ շուրջ 5000 հայորդու կյանք է խլվել, Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ասած, հանուն ոչնչի, հանուն Արցախը հանձնելու, իրենք պետք է կանգնեն և այդ պատասխանատվությունը կրեն»:

Միհրան Հակոբյանը հիշեցրեց նաև, որ վերջին 100 տարվա ընթացքում հայոց պատմությունը նման ամոթալի էջ չի ունեցել:

«Վերջին 100 տարում հայ ժողովուրդը, հայոց պետականությունը նման կերպ չի ստորացվել, վերջին 100 տարում որևիցե մեկը հայ ժողովրդի վրա, հայ ժողովրդի ղեկավարի վրա՝ ի դեմս Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ոտքեր չի սրբել: Հիմա այդ մարդը, այդ ստոր արարածները, որ երկիրը դավաճանեցին, բերեցին-հասցրին այս իրավիճակին, կառչած իրենց աթոռներից՝ շարունակում են, ուզում են մնալ այդ աթոռների վրա, ոմանք,  օրինակ՝ Արայիկ Հարությունյանը, նույնիսկ դիրքորոշում չի ցանկանում հայտնել հրապարակային, թե ինքն այս փաստաթղթին ո՞նց է վերաբերվում, որպես գիտությունների թեկնածու՝  ո՞նց է վերաբերվում, սա դավաճանությո՞ւն է, թե՞ դավաճանություն չէ, սա, կներեք արտահայտությանս համար, շանտղությո՞ւն է, թե՞ շանտղություն չէ»,- ասաց Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս