Եթե մարդիկ հետ վերադառնան՝ լավ կլինի, Արցախը կզարգանա․ Հադրութցին՝ բնակավայր վերադառնալու ցանկության ու սպասելիքների մասին
Արցախցի ընտանիքը, որը եկել է Հադրութից՝ աջակցության կարիք ունի։ Այս պահին նրանք բնակվում են Մասիսի Սիս գյուղում՝ դատարկ տան մեջ, առանց կենցաղային պայմանների, միայն լույս ու ջուր կա։
Մահճակալի, պահարանի, սեղանի, աթոռի, լվացքի մեքենայի, արդուկի և այլ իրերի կարիք կա։
«Հադրութի Մեծ Թաղլար գյուղից ենք, չորս հոգով ենք, անչափահաս երեխա չկա տանը։ Այստեղ հագուստի, սնունդի կարիք կա, նաև տունը տաքացնել է պետք։ Երեկ գրանցվել ենք համայնքապետարանում, 5 օր է, որ այստեղ էինք։ Միայն դատարկ տուն է, ծանոթները, ով ինչով կարողացել՝ օգնել է, կարելի է ասել՝ ավելի շատ մեզ ցուրտն է հիմա նեղում։ Ջրի խնդիր էլ կա, դույլերով ենք կրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հադրութցի տիկին Գոհարը։
«Եթե հնարավորություն ունենայի, անպայման կմասնակցեի Երևանում արցախցիների, հադրութցիների կողմից ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների՝ Երևանում գտնվող դեսպանատների մոտ անցկացվող բողոքի ակցիաներին։ Պարզապես դժվար է, ֆինանսական խնդիրների պատճառով չեմ կարող ամեն անգամ ներկա լինել, սակայն շատ եմ ուզում իմ տուն վերադառնալ։ Եթե այսօր էլ հնարավորություն ունենայի՝ կվերադառնայի։ Ստեփանակերտ ուզում էի գնալ, բայց այնտեղ տուն չունեմ։ Որդիս այնտեղ է, այստեղ չի մնում։ Մենք նույնպես ուզում ենք գնալ Ստեփանակերտ։ Եթե բնակարանով ապահովեն՝ կնախընտրեմ Ստեփանակերտը։ Ցանկալի կլիներ, որ ԼՂՀ տարածքները վերադարձնեին մեզ։ Եթե իսկապես ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները ճիշտ կատարեն՝ իհարկե, կուզենք ապրել այնտեղ։ Եթե մարդիկ հետ վերադառնան՝ լավ կլինի, Արցախը կզարգանա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։