«Արդար հիմքի վրա ստեղծվել են ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար պայմաններ` ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովրդի շահերից ելնելով». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ կազմակերպության իր գործընկերներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մասին`նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, և իրավիճակը կայունանում է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նոյեմբերի 17-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, Պուտինը, խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին, հիշեցրել է, որ սեպտեմբերին Ղարաբաղյան հակամարտությունը սրվել էր:
«Ռուսական կողմը ամենաակտիվ ջանքերն է գործադրել օգնելու դադարեցնել ռազմական գործողությունները մեր երկու բարեկամ պետությունների միջև և դրդել է նրանց գտնել փոխզիջումային լուծումներ: Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամբողջական հրադադարի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,-ասել է Պուտինը:
Նա նշել է, որ այս ամենն արձանագրվել է եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը:
«Կարևոր է, որ այդ համաձայնագրերը պահպանվում են: Ռազմական գործողությունները լիովին դադարեցվել են, իրավիճակը կայունանում է: Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա` ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից ելնելով», – նշել է Ռուսաստանի նախագահը: