Թոշակներ և նպաստներ չստացած արցախցիները կստանան իրենց հասանելիք գումարները

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի գլխավոր գործառույթը հանդիսանում է ՀՀ կառավարության համապատասխան կառույցների հետ համագործակցությունն ու դրա միջոցով Արցախից ժամանակավորապես այստեղ տեղափոխված քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծումը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղեկատվության բաժնի պատասխանատու Անի Ավանեսյանը և ավելացրել, որ առաջնային հարցերից է եղել արցախցիներին ժամանակավոր կացարաններով ապահովվելը, որն իր վրա է վերցրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրմամբ զբաղվում են տարածքային ինքնակառավարման մարմինները: Առանձին անհատների և կազմակերպությունների կողմից ևս փոխգործակցության շնորհիվ բազմաթիվ արցախցիներ ստացել են նյութական օժանդակություն:

Կայքի զրուցակիցը նշել է, որ այս ընթացքում օպերատիվ շտաբը համակարգել է նաև նպաստների ու թոշակների վճարման գործընթացը: Մեծամասամբ թոշակների և նպաստների վճարումն իրականացվել է թե՛ Արցախում ողջ պատերազմն անցկացրած և թե՛ ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիների համար։ Տեխնիկական պատճառներից ելնելով՝ եղել են բացթողումներ, սակայն այն նպաստառուն կամ քաղաքացին, ով չի ստացել իր հասանելիք գումարը, բազայում իր անվան վերականգնելուն պես՝ կստանա ողջ հասանելիք գումարը:

Ի դեպ, ՀՀ հյուրանոցներում և հյուրանոցային տներում ժամանակավորապես ապաստանած քաղաքացիների կոմունալ վճարումներն իր վրա է վերցրել ՀՀ կառավարությունը։ Մյուս քաղաքացիների՝ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ քննարկումներն ընթանում են:

Ա. Ավանեսյանը հայտնել է նաև, որ ժամանակավորապես ՀՀ տեղափոխված՝ բուժհաստատություններում հաշվառված քաղաքացիներին դեղերի հատկացումն իրականացվում է ինչպես տվյալ քաղաքացու փաստացի բնակության վայրի մոտակա պոլիկլինիկայում, այնպես էլ օպերատիվ շտաբի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս