Անդրանիկ Քոչարյանին չեն խոչընդոտի հրապարակել պետական գաղտնիք. ԱԱԾ կրավորական կեցվածքը
«Եվ ես կարծում եմ, որ ինքս շատ մեծ անելիք ունեմ մեր անվտանգության համակարգի, ուժային կառույցների, հատկապես Պաշտպանության նախարարության վիճակը լուրջ, ամփոփ ներկայացնելու… Ես ձեզ մի բան ասեմ: Ափսոս, իրավիճակը թույլ չտվեց, որպեսզի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կարողանանք ամբողջովին ներկայացնենք Ազգային ժողովին: Բայց ես էսօր եկել եմ այն մտքին, որ այդ զեկույցն այսօր էլ շատ արդիական է, որ նրա դասերը քաղված չեն, և զեկույցն ամբողջապես պատրաստ է, և ես առաջ եթե մտածում էի՝ ինքը գաղտնի մասեր պետք է ունենա, էսօր ես այդպես չեմ մտածում: Ոչ մի գաղտնի մաս պետք է չունենա: Ամբողջությամբ ես պատրաստվում եմ և անելու եմ այնպես, որ հասարակությանն այդ զեկույցի բոլոր մանրամասները հասանելի լինեն, բոլորիդ… Ամենակարևորը, որ այսօր ուզում եմ ձեզ հաղորդել, 2016թ. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, ամեն ինչ անելու եմ, որ հասանելի լինի բոլորին»,- երեկ Ազգային ժողովում (ԱԺ) լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ աղմկահարույց հայտարարությունների, ասաց ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ էության Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստվում է պետական գաղտնիք հրապարակել, որը քրեորեն պատժելի արարք է:
Այս մասին նաև փաստաբան Միհրան Պողոսյանն էր ահազանգել ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով համապատասխան կառույցներին՝ գլխավոր դատախազին ու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին:
«Հարգելի պարոնայք
Սույն թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ով ի պաշտոնե հանդիսանում է «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող» քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ-ում (կամ այլ վայրում, բայց միանշանակ Երևան քաղաքում) հայտարարել է, որ պատրաստվում է հրապարակել ի պաշտոնե իրեն հայտնի դարձած պետական, ռազմական ու ծառայողական գաղտնիք։ Խնդրում եմ ուսումնասիրել սույն հաղորդմանը կից տեսանյութը և հարուցել քրեական գործ։
Հ.Գ. Հուսով եմ սույն հանցագործության սուբյեկտը մինչ պատերազմը սկսելը դեռևս չի հասցրել իրագործել իր հանցավոր նպատակը…»,- գրել էր փաստաբանը:
168.am-ը դիմեց ԱԱԾ՝ ցանկանալով պարզել ազգային անվտանգության համար պատասխանատու այդ կառույցի դիրքորոշումը նշված խնդրի վերաբերյալ:
«Անդրանիկ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն չունենք, իսկ պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությունն իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան»,- պատասխանեցին ԱԱԾ-ից:
Խնդրեցինք ընդհանրական պատասխաններ չտալ, այլ պատասխանել կոնկրետ՝ քրեական գործ հարուցվե՞լ է, կամ հարուցվելո՞ւ է արդյոք:
«Այսքանը»,- ասացին ԱԱԾ-ից: