ՌԴ կառավարությունում մտադրվել են մի քանի գերատեսչություններ փակել
ՌԴ կառավարությունը նախօրյակին հայտարարված պետական կառավարման համակարգի օպտիմալացման ընթացքում քննարկում է մի քանի գերատեսչություններ փակելու տարբերակը: Այդ մասին նոյեմբերի 17-ին հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Պետական դումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հարցերի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնին:
Դրա հետ մեկտեղ նախարարների կաբինետին մոտ կանգնած մի աղբյուր հրատարակությանը հաստատել է, որ մի քանի դաշնային գործակալություններ հաջորդ տարի իսկապես կարող են վերանալ: Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանում 2021 թվականի հունվարի 1-ից մեկնարկում է պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, որը կտեւի երեք ամիս: Պլանավորված է նախարարություններում եւ տարածաշրջանային ստորաբաժանումներում հաստիքների կրճատում 5-10 տոկոսով, այդ թվում՝ թափուր պաշտոնների հաշվին: ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի խոսքով, բարեփոխման ընթացքում բոլոր ֆինանսական ռեսուրսները պետական ծառայողների խրախուսման համար պահպանվելու են: