
Այս պահին խնամքի հաստատություններում ապրում է 97 արցախցի տարեց և հաշմանդամություն ունեցող անձ

Արցախից տեղափոխված` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, ինչպես սոցիալական պաշտպանության, այնպես էլ առողջապահության համակարգի հաստատություններում՝ կացարան, բուժում, սոցիալական ծառայությունների ապահովում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը հայտնել է, որ այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում է կյանքի դժվարի իրավիճակում հայտնված 97 արցախցի տարեց և հաշմանդամություն ունեցող անձ:
«Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ են տեղափոխվել 22 շահառուներ, որոնց խնամքը կազմակերպում է նախարարության գործընկեր հանդիսացող «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը:
Թե չափահասների, թե երեխաների կեցությունը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ` նրանց վերադարձը Արցախ կազմակերպելու համար»,- գրել է Բաթոյանը: