«Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով վտանգել է ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը». ՀՅԴ անդամը դիմեց դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք: Հանրահավաքի մասնակիցները նաև նախատեսում են շարժվել դեպի Արտաքին գործերի նախարարության շենք, որտեղ հայտարարություն կանեն՝ ուղղված դիվանագետներին:
ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը դիմեց Գլխավոր դատախազության աշխատակիցներին՝ ասելով․
«Գլխավոր դատախազության հարգելի աշխատակիցներ, դուք հայ ժողովրդի մաս եք կազմում, անցնող 50 օրերին բոլորի նման անհանգստանում էիք, ունեիք հարազատներ՝ առաջնագծում, ցավոք, երբեմն նաև մահաբեր լուրեր եք ստացել։ Դուք ծառայում եք միայն ու միայն Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ Սահմանադրությանը և քաղաքացիներին։ Չկա այդ ամենից ավելի վեհ որևէ մեկը։ Ցանկացած ոք, ով կպահանջի ձեզանից՝ կատարել քայլեր, որոնք հակասում են այդ հիմնարար փաստաթղթին՝ վտանգում են մեր երկիրը։ Նրանք՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մի քանի օր առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ մի թղթի տակ դրած ստորագրությամբ ոչ միայն վտանգեց, այլ ծանրագույն հարված հասցրեց մեր երկրի անվտանգությանը, միասնականությանը և Արցախ աշխարհին։ Նա կատարեց այդ գործողությունը՝ չխորհրդակցելով որևէ մեկի հետ, նույնիսկ ձեր հարևանությամբ գտնվող ՀՀ ԱԳՆ-ում և նախարարը տեղյակ չէին այդ ամենից, ինչի արդյունքում այսօր նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ն․Փաշինյանը իր գործողություններով վտանգել է ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ իր գործողություններով, հակաօրինական հրահանգներով, քայլերով, պարտադրանքներով՝ սկիզբ է դրել և ավելի մեծ թափ հաղորդել քաղաքական ռեպրեսիաներին, բռնություններին, որպեսզի լռեցնի արդար բողոքի ձայնը։ Դուք պարտավոր եք՝ իբր ՀՀ Սահմանադրությամբ մեր երկրում օրինականություն պաշտպանող և վերահսկող մարմին, անմիջապես դիմել կտրուկ գործողությունների՝ հարուցելով համապատասխան քրեական գործ՝ մեր երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը խաթարելու, միասնականությունը, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը կասկածի տակ դնող ու վտանգող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների առիթով»։
ՀՅԴ անդամը հայտնեց, որ վաղը հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։