Տեսանք, որ ամբողջ աշխարհի համար միևնույն էր, թե ովքեր են այստեղ կռվում՝ ահաբեկիչնե՞ր, թե՞ այլմոլորակայիններ․ Պատմաբան

Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում:

«Լինելով՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական ընդհանրությունները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում  Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ՝ վերջ դնել ռազմական հակամարտությանը և սկսել դիվանագիտական կարգավորման գործընթացը»,- նշել է Իրանի նախագահը:

Պատմաբան, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանի խոսքով՝  Իրանի դիրքորոշումը լրիվ ընդունելի և հասկանալի է։

«Իրանը հիմա գտնվում է լուրջ ճնշման ներքո և չի կարող լուրջ  օգնություն ցուցաբերել մեզ, բայց Իրանի ժողովուրդն օգնել է, օդային տարածք է տրամադրել, հնարավորություն է տվել, որպեսզի գոնե պատերազմը մի քիչ երկար կարողանանք երկար վարել»։

Իրանից ավելի մեծ ակնկալիք ունենալը պարզապես միամտություն է, որովհետև Իրանը հիմա գտնվում է շատ դժվար միջազգային իրավիճակում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գևորգ Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, որոնց՝ այս տարածաշրջանում հայտնվելը հայտարարություններից ու մտահոգություններից այն կողմ չանցավ, պատմաբանը նկատեց․

«Ահաբեկիչների թեման մենք դարձրինք մատի փաթաթան, և շատ սխալ արեցինք, որովհետև բոլորս էլ տեսանք, որ ամբողջ աշխարհի համար միևնույն էր, թե ովքեր են այստեղ կռվում՝ ահաբեկիչնե՞ր, թե՞ այլմոլորակայիններ։ Դրա համար ահաբեկիչների թեման շատ շահարկելը որևէ իմաստ  չուներ։ Մենք մտածում էինք, որ շահարկենք՝ գալու են օգնելու, բայց բացարձակ այդպես չէ։ Եթե օգնելու լինեին՝ առանց ահաբեկիչների գործոնի էլ  կօգնեին։ Պետք է հզորացնենք տնտեսությունը, որպեսզի կարողանանք պատրաստվել  հաջորդ ճակատամարտին»։

Նշենք, որ Իրանն ուժեր է տեղակայել հյուսիս-արևմտյան սահմանային շրջաններում` Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով։ Իրանի բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Նոզար Նեմաթին հայտարարել է, որ իրանական ժողովրդի համար խաղաղության և անվտանգության պահպանումը երկրի սահմանային շրջաններում կարմիր գիծ է և առաջնահերթություն իրանական զինված ուժերի համար, հաղորդում է Mehr-ը: Ըստ Նեմաթիի` տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ապահովության բացակայությունը կարող է տարածվել նաև այլ տարածքների վրա:

«Ուստի, քանի որ իրանական ժողովրդի անվտանգությունն ու հանգստությունը սահմանամերձ քաղաքներում շատ կարևոր են մեզ համար, մենք ուժեր ենք տեղակայել հյուսիս-արևմտյան սահմանամերձ շրջաններում` դեպի երկիր ելքի և մուտքի բոլոր կետերին հետևելու համար»,- ասել է գեներալը:

Տեսանյութեր

Լրահոս