«Նյութական իրերից բացի՝ շատ բեռնատարներ են գալիս-կտրատում Արցախի անտառները ու բերում այստեղ վաճառելու». Բերձորցին ահազանգում է
Երեկ Բերձորից Լիլիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրել այս օրերին հատկապես Բերձորում տեղի ունեցող անօրինությունների վրա.
«ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, հարգելի համապատասխան մարմիններ, դիմում եմ ձեզ, այս խառնաշփոթ օրերին #ոստիկաններ կամ այլ #քաղծառայողներ տանել այն շրջաններ, հատկապես քաղաք Բերձոր (սա ամենաանվտանգ տարածքն է ներկա պահին, և եթե անհրաժեշտություն կա, Հայաստանից նույնպես ոստիկաններ տարեք հսկելու), որպեսզի հսկվեն մեր տները, հատկապես գորիսեցիների թալանից (ինչու եմ շեշտել այս փաստը, քանի որ մեզ հանդիպածները հենց Գորիսից էին, և սա չի նշանակում, որ ամբողջ գորիսաբնակներն են այսպիսի, ամեն շրջանում և լավը կա, և վատը)։
Տան դռները կոտրում են, դուռ, լուսամուտ, տանիքի շինանյութ են գողանում Հայաստանի «թուրքերը»։ Մենք թողել ենք մեր տունը ներկա պահին, բայց եթե ես հետ գնամ, մեկ ամիս հետո ապրելու իմ տանը՝ ռամիլսաֆարովների կողքին, գոնե հայի ձեռքով չավերված տանս տեղ ունենամ ապրելու։
Խնդրում եմ Ձեզ, Արայիկ Հարությունյան, օգնեք ժողովրդի տարիների ընթացքում կառուցած տներն ու բնությունը հայերի ձեռքով չթալանվի (սա ավելի ցավոտ է, քան թշնամու արկից կորցնելու փաստը), որը որ եղել է նաև 90-ական պատերազմի տարիներին։ Շնորհակալություն։ Հարգանքներով՝ ԱՀ քաղաքացի»։
168.am-ը կապ հաստատեց Լիլիթ Խաչատրյանի հետ՝ մանրամասների մասին տեղեկանալու: Նա նշեց, որ ժամանակավորապես Երևան քաղաքում է, սակայն պատրաստվում է հետ գնալ Բերձոր ու ցանկանում է՝ այն թալանված չգտնել.
«Ես միանշանակ պատրաստվում եմ վերադառնալ, որովհետև այն տարածքները, որոնք մենք միանշանակ կպահենք մեզ մոտ, անպայման պետք է գնանք ու բնակվենք, որովհետև եթե մենք դուրս գանք, կդառնա, փաստացի՝ այդ տարածքներն էլ հետը կնվիրենք»:
Ինչ վերաբերում է գողության դեպքերին՝ նա նկատեց, որ հարազատներից է տեղեկացել, որոնք գնացել էին Երևանում ժամանակավոր բնակության համար անհրաժեշտ իրենց իրերը տեղափոխելու համար, և այն հարևան կանանցից, որոնք դուրս չեն եկել ու շարունակում են այնտեղ բնակվել.
«Նյութական իրերից բացի՝ շատ բեռնատարներ են գալիս-կտրատում Արցախի անտառները ու բերում այստեղ վաճառելու: Մտնում են տները՝ թալանելու տանիքը, լուսամուտը, դուռ, էն, ինչը որ անգամ հազար դրամով կարող են վաճառել, իրենք տանում են»:
Մեր զրուցակիցը նաև ելքեր առաջարկեց՝ նշելով, որ նմանատիպ դեպքերը կարող են կանխել, եթե անձը հաստատող փաստաթուղթ պահանջեն Բերձոր ելումուտ անողներից:
Հիշեցնենք՝ թեմայով իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Այսօր, ճիշտ այն պահին, երբ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ «Ազատության» հրապարակում մոմ էին վառում ի հիշատակ մեր սուրբ նահատակների, հետո էլ լուռ երթով անցնում քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի Մատենադարան, ահա ճիշտ այդ պահին մեր ուրիշ քաղաքացիներ Քարվաճառում ու Բերձորում… գիտե՞ք ինչ էին անում: Թալանում էին այնտեղ բնակվող մեր հայրենակիցների տները: Անտառներն էին ոչնչացնում ու հարյուրավոր բեռնատարներով փայտը կրում դեպի ՀՀ սահման:
Հասկանո՞ւմ եք, ժողովուրդ ջան, ուր ենք հասել: Մարդիկ նստել ու ազգային ողբերգության ու խայտառակության այս անիծված օրը մտածել են, որ թալանի լավ պահ է, կարելի է գնալ ու հայրենի բնությունը ոչնչացնել: Անտերության մատնված հայրենակիցներին թալանել: Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք, ուր ենք հասել:
Սա էս ի՞նչ տեսակ է բուծվել մեր մեջ, սիրելիներս: Սրան ի՞նչ անուն տալ: Մարդու սիրտ է կանգնում: Հետո էլ արդարանում են` թե բա թուրքին մնա՞:
Հայեր: Սիրելիներս: Մեռնեմ ես ձեր կյանքին: Կանգ առեք, շատ եմ խնդրում, կանգ առեք: Մենք իրավունք չունենք այսպես մեզ ոչնչացնել: Մեռանք արդեն էդ չարաբաստիկ դուխի ու հպարտության ձեռքը: Կանգ առեք: Հազարավոր այս զոհերը մեզ քի՞չ էր: Կորսված Արցախը քի՞չ էր: Չե՞ք հասկանում, որ էս վարքագծով մեր երեխեքին ենք մահվան դատապարտում: ՉԵ՞Ք ՀԱՍԿԱՆՈՒՄ:
Ժողովուրդ ապաշխարեք: Այսպես այլևս հնարավոր չի: Անհնար է: ԱՊԱՇԽԱՐԵՔ: Ձերբազատվեք հիմար դուխից, մերժեք էդ անիծված հպարտությունը: Կկորցնենք: Ամեն ինչ կկորցնենք, ոչինչ փրկել չի ստացվի: Խնդրում եմ, ապաշխարեք ու Աստծուն դարձեք: Մենք դուխով լինելու իրավունք չունենք: Մենք խելքով պիտի լինենք: Աստծով»: