Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական այլաբանություններով փորձեց խմբագրել արյունահեղության իր կոչը, սակայն հասարակությունն այլևս զգուշացված է իր «գերագույնի» իրական մտադրությունների մասին․ Շաքե Իսայան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և սպասվում էր, իր ասուլիսին Նիկոլ Փաշինյանը փորձեց խմբագրել արյունահեղության իր կոչը պոպուլիստական այլաբանություններով, սակայն հասարակությունն այլևս զգուշացված է իր «գերագույնի» իրական մտադրությունների մասին:
Առողջ դատողության տեր մարդու մտքով անգամ չէր անցնի քաղաքացիական պատերազմի կոչ անել:
Չնայած հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր թիմի պատգամավորները րոպե առաջ վայր դրեցին մանդատը, իսկ նրանք շատ ավելի լավ են ճանաչում Նիկոլ Փաշինյանին՝ իր դատողության բոլոր նոպաներում, կարող ենք սույն գրառումն ընդունել ամենայն պատասխանատվությամբ: Վերջիվերջո ներքաղաքական արյունահեղության «մաստեր կլասս» մեզ մի անգամ արդեն ցուցադրվել է:
Հ.Գ. Այս իրավիճակի համար մենք բոլորս ենք մեղավոր: Երբ ՀՀ քաղաքացուն առաջին անգամ վնգստացող էին անվանում, մենք բոլորս հանդուրժեցինք…
Հարգելի՛ հայրենակիցներ, անկախ ձեր քաղաքական հայացքներից, անկախ այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ ունեցած համակրանքից կամ հակակրանքից, մենք այս պահին չպետք է տրվենք սադրանքների, պետք է միասնական լինենք, հենվենք մեկս մյուսի վրա, աջակցենք միմյանց՝ մեր մեջքը շտկելու համար:
Որևէ կերպ չտրվե՛լ սադրանքների…»: