Բանակցություններում ո՞րն է Նիկոլ Փաշինյանի սեփական կետը. մանրամասնում է  վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե պաշտոնավարման սկզբում, երբ վարչապետը հայտարարում էր, որ բանակցությունները սկսում է սեփական կետից, հիմա ո՞րն է այդ սեփական կետը բանակցություններում։

«Սեփական կետ ասելով՝ նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձելու էինք և փորձելու ենք չհամաձայնել։ Ինչ վերաբերում է նոր կետին, մենք պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որն ունենք այսօրվա իրավիճակի շուրջ, և պետք է սպասարկենք այդ օրակարգը, մասնավորապես՝ կենտրոնանալով ԼՂՀ կարգավիճակի հարցի վրա։ Ամենակարևոր խնդիրը, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է ապրի ԼՂՀ-ում, և նրա կարգավիճակի հարցը նոր սրությամբ ու կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաև՝ հումանիտար, կոմունիկացիոն, տրանսպորտային հարցերը և այլն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին վարչապետն անդրադառնալով բանակցային գործընթացին՝ հայտարարել էր. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։

Նոյեմբերի 10-ին  հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

 

Տեսանյութեր

Լրահոս