«Եթե առաջնագծի զինվորներին այս ամենին ներքաշելու խնդիր լինի՝ Կառավարությունը բոլոր լիազորություններն ունի՝ ռազմական դրության ռեժիմը հնարավորություն է տալիս նաև ԶՈՒ-ին ներգրավելու». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլորն էլ ականատես եղան, թե ինչ տեղի ունեցավ Երևանում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ հարձակման ենթարկվեց Կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց ԱԺ շենքը և Կոնդի առանձնատները։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, սա շատ կարևոր հանգամանք է։ Նույնիսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր հանգամանք է։ Շատ հետաքրքիր է, որ դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից, և այս համատեքստում կարևոր եմ համարում, որ ատելության խոսքի տարածումը և բացառենք քաղաքացիական բախումները։ Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում։ Եվ ես ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգն ունի բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար»,- այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք նաև, որ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակումը։
Իսկ վարչապետ Փաշինյանը շարունակելով միտքը՝ հարց հնչեցրեց ու ինքն էլ պատասխանեց, թե ինչո՞ւ այդ օրը մարդկանց նման քայլերը չխոչընդոտվեցին, պատճառն ըստ վարչապետի՝ պարզ է՝ նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ի մի շարք հսկայական հատված գտնվում էր առաջնագծում։
«Այն, որ իշխանությանը դավադրության մեջ են մեղադրում, այսինքն՝ դավադրության գնացող ոստիկանությունը, անվտանգության պահպանության ծառայությունը ուղարկո՞ւմ է հայրենիքի սահմանները պաշտպանելու, ինքն իրեն անպաշտպան թողնելով դավադրությունների մե՞ջ է մտնում։ Իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ անտեղի, բացարձակապես անտեղի և ես համարում եմ, որ առաջնագծից վերադարձող, զորացրվող զինվորները իրենք նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն։ Եթե նրանք ուզում են ինձ հետ հանդիպել դահլիճային պայմաններում, և ես համաձայնել եմ նրանց հետ հանդիպել, չեմ կարծում, որ դրա մեջ դատապարտելի բան կա։ Նրանք են, չէ՞, ճշմարտության կրողը։ Եթե պարզվի, որ դավադրություն է եղել կամ կա, թող բացահայտվի և բոլոր մեղավորները պատժվեն։ Բայց կներեք, Երևանից դժվար է գնահատական տալ կամ հեշտ չէ գնահատական տալ նրանց համար, որոնք ամբողջական ինֆորմացիային չեն տիրապետում, այդ տղաներին պետք է լսել։ Ես, օրինակ, մտադիր եմ լսել, ինչ-որ դատապարտելի բան կա՞։ Ի դեպ, եթե առաջնագծի զինվորներին այս ամենին ներքաշելու խնդիր լինի, ապա Կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորություններն ունի՝ ռազմական դրության ռեժիմը հնարավորություն է տալիս նաև Զինված ուժերին ներգրավելու»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր է դիտել և ապշած է տղաների խորագիտությունից։
«Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»,- գրել էր վարչապետը։