Այսօր պետության ճակատագիրն իրավապահների ձեռքում է. Գևորգ Կոստանյանի կոչը քննիչներին և դատախազներին

Քննիչներին և դատախազներին

Տղե՛րք,

Տարիների աշխատանքի ընթացքում, վստահ եմ, ունեցել ենք տարաձայնություններ տարբեր իրավական հարցերի վերաբերյալ, բայց Հայրենիքին ծառայելու, արդարության և օրինականության վերաբերյալ, համոզված եմ՝ ՈՉ:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը  շուրջ երկու տարի առաջ սկսել էր իր ռեպրեսիաներն այն մարդկանց նկատմամբ, որոնք հետագայում կարող էին ինչ-որ ձևով խոչընդոտել իրեն՝ այսօր հանձնել Արցախը։ Այսինքն, անհիմն և ապօրինի հարուցվում էին քրեական գործեր, անձինք զրկվում էին ազատությունից, հայտարարվում էին հետախուզումներ, որոնց նպատակը մեկն էր՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այդ մարդիկ չխոչընդոտեին Նիկոլի իրականացնել իր հանցավոր մտադրությունները։ Այսօրվա ձերբակալություններն ու խուզարկությունը՝ դրա ևս մեկ ապացույց:

Ինձ համար, որպես նախկին գլխավոր դատախազի, և Ձեր համար՝ որպես պրոֆեսիոնալ իրավաբանների, ակնհայտ է, որ այս քրեական գործերն ու մեղադրանքներն առնչություն չունեն իրավունքի և օրինականության հետ: Ակնհայտ է, որ այդ փաստական հանգամանքների պայմաններում Քրեական օրենսգրքի այդ հոդվածներով անձանց մեղադրանք առաջադրելը ոչ միայն ապօրինի է, այլև՝ անբարոյական: Վստահ եմ, որ այն քննիչները և դատախազները, ովքեր մասնակցում են այս ապօրինություններին, իրենք էլ գիտեն, որ ոչ միայն կատարում են հանցագործություն, այլև՝ պարտակում են Հայրենիքի և սերունդների հանդեպ կազմակերպված դավադրությունն ու դավաճանությունը:

ՀՀ քննիչներ, դատախազներ, տղե’րք, Դուք կարողանալո՞ւ եք նայել զավակին կորցրած մոր աչքերին, սեփական տունը վառող մարդու աչքերին, դուք կարողանալո՞ւ եք նայել ծնողի ու զավակի գերեզմանը քանդող ու մասունքն Արցախից Հայաստան տանողի աչքերին: Բարոյական բոլոր սահմաններն հատված են: Այսօր պետության ճակատագիրն իրավապահների և ուժայինների ձեռքում է: Տղե’րք, դուք կամ կփրկեք պետությունը, կամ ձեր սերունդները ևս քաղաքական իշխանության սերունդների հետ կկրեն դավաճանի զավակի ծանր բեռը: Ձեր ղեկավարներն արդեն որոշել են իրենց և իրենց սերունդների ճակատագիրը, Դուք էլ որոշեք Ձերը:

Գևորգ Կոստանյան

Տեսանյութեր

Լրահոս